Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորքերում, ապառաժների անմատչելի անձավներում, ձորերի խորին փապարներում և լճակների անբնակ կղզիներում։

Անապատը այլ խոսքով կոչվում է մենաստան, իսկ վանքը՝ իջևան, այդ երկու անունների նշանակության մեջ մեծ զանազանություն կա։

Անապատը կենդանի մահացություն է. նրա նպատակն է՝ սպանել արտաքին մարդը — մարմինը, որպեսզի կենդանանի ներքին մարդը-հոգին։

Բայց ինչի՞ց առաջ եկավ այդ կատարյալ անձնուրացությունը, այդ հոժարակամ ինքնամերժումը կյանքից ու աշխարհից։

Անապատը երկրի ողբալի դրության հետևանքն է։ Երբ կյանքը ապահով չէ, երբ կյանքը մշտական վտանգների ենթակա է, նա այն աստիճան անտանելի է դառնում, որ մարդիկ հուսահատվում են և, հեռանալով աշխարհից, աշխատում են անապատների առանձնության մեջ եթե ոչ մարմնավոր, գոնե հոգևոր մխիթարություն որոնել։ Հանապազօրյա դժբախտությունները մարդուն ձգում են գերբնական ցնորքների մեջ․ նա չկարողանալով ըմբռնել իրան շրջապատող դառն երևույթների բնական պատճառները, և մանավանդ, չկարողանալով մաքառել նրանց դեմ և հաղթել նրանց, վերջապես վհատվում է, ընկճվում է, հեռանում է աշխարհից, և իր փրկությունը ու սրտի խաղաղությունը որոնում է անապատական կյանքի լռության մեջ։

Այդ ներգործությունն են ունենում աշխարհի դժբախտ հանգամանքները ոչ միայն թույլ բնավորությունների վրա, այլ մինչև անգամ ամենազորեղ բնավորություններր շատ անգամ ենթարկվում են նրանց վհատեցուցիչ ազդեցությանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, չկարողանալով իսպառ ի կատար ածել իր սկսած մեծ պատերազմը հեթանոսական խավարի և տգիտության դեմ, և երկար մաքառելով նախարարների ու ժողովրոի բարքի և վարքի կոպտության դեմ, և զանազան դառն հալածանքների ենթարկվելով, վերջապես հուսահատվում է, թողնում է հայրապետական աթոռը, հեռանում է աշխարհից և, առանձնանալով Սեպուհ լեռան այրերի մեջ, անձնատուր է լինում ճգնավորական կյանքի, և այնտեղ էլ անհայտության մեջ վախճանվում է։ Նրա հզոր գործակիցը, Տրդատ թագավորը, նույն հանգամանքների պատճառով, նույն վիճակին է ենթարկվում, նա ևս, թողնելով արքայական գահ ու գավազանը, թողնելով իր երկրի կառավարությունը,