Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համարձակ մտնում են մարդկանց տները և մոր գրկից հափշտակում են երեխային...

Հիշյալ դժբախտություններից հետո՝ վրա, են հասնում բնության սասանությունները։ 1641 թվին պատահում է Ատրպատականի մեծ երկրաշարժը։ Թավրիզը, այդ մեծափարթամ քաղաքի, իր փառավող շինվածքներով ծածկվում է ավերակների կույտի ներքո։ Կործանվում է պարսից արքաների հրաշալի պալատը Շամկազանը։

Ատրպատականի երկրաշարժից ուղիղ հինգ տարի հետո (1646 թ.) պատահում է Վասպուրականի մեծ երկրաշարժը, որ տևում է յոթն օր։ Լեռներն անգամ կործանվում են նրա սոսկալի հարվածներից։ Հոգվոց վանքի մոտ Աբեղներ կոչված սարը փուլ է գալիս, լցնում է ահագին ձորը և խափանում է նույն ձորի միջով անցնող գետի ընթացքը։ Վան քաղաքը իսպառ ավերակ է դառնում, տապալվում են և Շամիրամի բերդի հզոր աշտարակները։ Վանա մեջ և նրա շրջակայքում, կա՛մ բոլորովին կա՛մ կիսով չափ, կործանվում են հետևյալ վանքերն ու եկեղեցիները. Վերին Վարագը, Ներքին Վարագը, Թոդիկ ճգնավորի եկեղեցին, Սալնապատի վանքը, Շուշանից վանքը, Ղուռուբաշի վանքը, Հոգվոց վանքը, էրեմիրա վանքը, Սրխու վանքը, Բերդակու վանքը, Կենդանանից վանքը, Կռնկու վանքը, Անգուսներու վանքը, Ալերու վանքը, Արշակա վանքը, և Վան քաղաքի մեջ գտնված ս. Խաչ, ս․ Աստվածածին, ս․ Սիոն, ս․ Նշան եկեղեցիները։

Բնության սասանմունքները մի կողմից, բռնակալների գազանությունը մյուս կողմից, և ավելանալով դրանց վրա սովը, ժանտախտը,— այդ բոլոր աղետավոր թշվառությունները, որոնց դեմ մաքառելու անզոր է գտնվում մարդը,— բնականապես ձգում են նրան հուսահատ և շվարյալ դրության մեջ Կյանքը և աշխարհը դառնում է նրա համար ցավերի և դառնության մի ծով, և այդ ցավերից ազատվելու համար նա ձգում է իրան աստծու գիրկը, և հանգստություն է որոնում հետգերեզմանյան խաղաղության մեջ։ Նա մտածում է, թե աշխարհի վերջը հասել է, և շտապում է թողնել նրան։ Այստեղից ծագում է խորին անձնուրացության զգացմունքը և հակումն դեպի անապատ, դեպի ամայություն։

Եվ իրավ, միևնույն տառապանքների ընթացքում, երբ թշնամին, սովը, ժանտախտը, երկրաշարժը միացած, ավերակ էին դարձնում երկիրը, հենց այդ ժամանակ զանազան տեղերում կառուցվում