Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին մեծ թվով անապատներ և լցվում էին բազմաթիվ աշխարհից հրաժարված աբեղաներով:

Իսկ և իսկ այն ժամանակ, երբ պարսիկներից և օսմանցիներից ավերակ դարձած Հայաստանի խրճիթները դեռ մխում էին կրակի մեջ, և երբ լեռներում ու ձորերում փախստական եղած շինականները մի անկյուն չունեին պատսպարվելու, երբ քաղաքացիք, թշնամու գերությունից ազատվելու համար, իրանց տները թողել էին անբնակ և թաքչել էին անմատչելի ժայռերի խոռոչներում, այդ սարսափի ու տագնապի ժամանակ, Որոտն գետի ձախ ափի մոտ, Հալիձոր գյուղի հանդեպ, հիմնվում է Սյունյանց մեծ անապատը, Տաթևի վանքից երեք ժամ հեռավորության վրա: Այդ վանքը այլ անունով կոչում է Հարանց անապատ:

Սյունյաց մեծ անապատի հիմնադիրր եղավ (1610 թ.) Սաղմոսավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը, որը, թողնելով իր վանքը և վանական կյանքը, ուխտեց անապատական լինել, այն դեպքերից հետո, երբ նա Արագած լեռան այրերից մեկի մեջ գտավ մի ճգնավոր, ծունր իջած դրության մեջ, աչքերը դեպի երկինք ամբարձած, բայց անշարժ, ինչպես քարե արձան: Ճգնավորը մեռած էր, բայց ո՛վ գիտե, ինչ ժամանակից, նա նույն դրության մեջ, այնպես անապական մարմնով մնացել էր այն քարանձավում: Այդ տեսարանը այն աստիճան ազդեց Սարգիս եպիսկոպոսի վրա, որ նա ուխտեց թողնել աշխարհը և անձնատուր լինել ճգնավորական կյանքի: Նրան գործակից եղավ Տեր-Սարգիս Տրապիզոնցին, մի հմուտ և ուսյալ քահանա, որը կնոջ վախճանվելուց հետո իր բոլոր հարստությունը վաճառել և բաժանել էր աղքատներին և սկսել էր այնուհետև անապատական կյանք վարել:

Սյունյանց մեծ անապատը կոչվեցավ Թանահատի վանք, այն հռչակավոր Թանահատի վանքի անունով, որ մի ժամանակ իր սոսկալի խստակեցությամբ հայտնի էր Վայոց ձորում: Հենց այդ անվան մեջն էր նրա նշանակությունը: Այդ վանքի միաբանները ատում էին, խորշում էին ամեն տեսակ թանից, այսինքն` տաք, ջրալի ապուրից, և այդ պատճառով կոչվեցան «թանատյացներ»: Ամբողջ տարին կերակրվում էին միայն ցամաք հացով և ջրով, այն ևս օրը մի անգամ, իսկ տոն օրերում գործ էին ածում փոքր-ինչ բուսեղեն յուղ, բայց միս կամ գինի` ոչ երբեք:

Սյունյաց մեծ անապատը կրկին վերականգնեց այն վաղեմի կրոնական կարգերն ու կանոնները, որոնք զանազան քաղաքական դժբախտ հանգամանքների պատճառով, խանգարված էին մեր