Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անապատներում։ Իսկ վտանգավորը այն էր, որ նա մտցրեց մի նոթ և, հայոց եկեղեցու հոգուն հակառակ, բոլորովին այլ կղերական ուղղություն, այն է՝ զրկել իրան կամքից և անպայման հնազանդությամբ հպատակել միայն առաջնորդի կամքին, ամեն օր առավոտյան և երեկոյան խոստովանվիլ առաջնորդի առջև օրվա հանցանքներն ու մտածությունները, ոչինչ ստացվածք չունենալ, ամեն ինչ հասարակաց լինել և այլն։ Ես այլևս չեմ խոսում այն կանոնների մասին, որոնք վերաբերում էին զանազան պաշտմունքների և ճզնությունների, և ոչ պիտի նկարագրեմ այն անտանելի հագուստը և խստակեցությունը, որով այդ անապատի միաբանները տանջում ու մաշում էին իրանց անձերը։ Միայն այն կասեմ, որ այդ անապատը ամենափոքր ժամանակում այնքան զորավոր կազմակերպություն ունեցավ, և այնքան հռչակ ստացավ, որ ամեն կողմից ամենանշանավոր կրոնավորներ սկսեցին խմբվել այնտեղ։ Նա դարձավ մի մեծ կենտրոն, մի դպրոց, որի մեջ կրթվելով աբեղաները, հետո այնտեղից դուրս եկան և, սփռելով մեր աշխարհի զանազան կողմերը, սկսեցին նույն կարգերով, նույն կանոններով նոր անապատներ հիմնել։ Ես կհիշեմ նրանցից մի քանիսի անունները միայն։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր մոկացի Պողոս վարդապետ հրաշագործը, որ իր աշակերտների հետ, որպես մի նոր առաքյալ, ոտքով շրջում էր զանազան տեղեր, քարոզում էր, հորդորում էր, որ վանքեր, անապատներ, եկեղեցիներ շինեն, և ամեն տեղ հաստատում էր կրոնական միաբանություններ։ Դեռ օսմանցիների և պարսիկների ձեռքով թափած արյունը բոլորովին չէր ցամաքել հայոց հողի վրա, դեռ Շահ-Աբասի բանակը գտնվում էր Արցախի (Ղարաբաղի) Քոթուկլու կոչված տեղում, երբ այդ մոլեռանդը հայտնվեցավ շահի բանակում, ներկայացավ թագավորին, և ճակատը գետնին քսելով, խնդրեց, որ իրան թույլ տա վանքեր և անապատներ կառուցանել։ Շահ-Աբասը սիրով ընդունեց նրա խնդիրքը և հրամայեց իսկույն, իր ներկայությամբ, հրովարտակը գրել։ Նա գիտեր հայի թույլ կողմերը. նրա եկեղեցուն և վանքին մի դիպչիր, իսկ նա պատրաստ կլինի իր երկիրը, իր անձը և ամեն ինչ տալ թշնամու ձեռքը։ Թագավորական հրովարտակով զինված, նա սկսեց թափառել դեպի ամեն կողմ։ Գնաց Պարսկաստան, այնտեղ նորոգեց Թավրիզի եկեղեցին։ Այնտեղից անցավ Գողթնյաց գավառը, մի հրաշքով բաց արեց Թովմա առաքյալի վանքի վաղուց փակյալ, անշարժ դռները և այնտեղ կրոնական միաբանություն