Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գութանը կամ արորը նորոգելու, իսկույն նշան են դնում, և գիշերը մտնելով այգին, կտրում են և տանում։ Տիրոջ տարիներով խնամած ու հասցրած ծառը ոչնչանում է, այգին այլանդակվում է։ Իսկ որքան ցավ է պատճառում այդ դժբախտությունը խեղճ այգեգործին։ Ես տեսել եմ ընտանիքներ, որոնք օրերով նստած իրանց սիրելի ծառերի կտրած բների մոտ, լաց են եղել, սուգ են կատարել, որպես սպանված որդու գերեզմանի վրա։

Պատահած անցքը, որքան վարպետի համար վրդովեցուցիչ էր, նույնքան Ասլանը սառն կերպով վերաբերվեցավ։ Այդ երկրում կարգից դուրս բան չէր, որ մեկը աշխատասեր է, ծառեր է տնկում, այգի է մշակում, պտուղներ է հասցնում, իսկ մյուսը ծույլ է, անկիրթ է, սովորել է միայն բռնությամբ հափշտակել առաջինի աշխատության արդյունքը։

— Փոխանակ իրանք լաց լինելու, լավ չէ՞ր լինի, որ կտրողներին լացացնեին,— ընդհատեց Ասլանը վարպետի խոսքը։

— Լավ կլիներ,— պատասխանեց վարպետը խորին կերպով հոգվոց հանելով։— Բայց այդ դժվար է... շատ դժվար է... Նրանց կողմումն է վայրենի ուժը... նրանց կողմումն է անպատիժ բարբարոսությունը... Մեր ձեռքերը կապել են, իսկ նրանցը բաց թողել... Մեր ձեռքում մի փայտի կտոր անգամ չեն թողել, իսկ նրանը սուր են կրում... Մենք գրկված ենք անձնապաշտպանության ամեն միջոցներից։ Եթե այգետերը մի ամենափոքր ընդդիմադրություն ցույց տա և թույլ չտա, որ իր ծառը կտրեն, հավատացած եղեք, որ մյուս գիշերը կմտնեն նրա տունը և նրա պարանոցը կկտրեն։ Եվ այս տեսակ չարագործությունները կմնան անպատիժ, որովհետև այստեղ հայի գլուխը ձի սոխի գլխի չափ արժեք չունի։

— Եթե ամեն հայ իր սենյակում այսպես զենքեր ունենար, էլ նրա գլուխը չէին կտրի սոխի գլխի նման,— նկատեց Ասլանը։

— Այո՛, եթե ունենա՜ր...— պատասխանեց վարպետը վրդովված ձայնով։— Բայց հայր երբ երկու ղուրուշ ունի, միշտ մտածում է այդ բանի վրա, թե ի՞նչ գնեմ ու ինչ ծախեմ, որ երկուսը երեք դարձնեմ։ ՆԱ այլևս ուրիշ բանի վրա չէ մտածում։ Եվ կառավարությունը սովորել է նրան միշտ այդպես տեսնել, և երբ նրա ձեռքում մի զենք է նկատում, իսկույն խլում է՝ ասելով, «այդ քո գործը չէ, դու գնա քո արշինով պարապվի՛ր»... Եվ հայը մնում է, որպես մի անպաշտպան որս բրդի և տաճկի ձեռքում։ Նրա հունձքի արտերը այրում են, նրա այգիները կտրատում են, և տերը կանգնած, ձեռքերը փակած, միայն բաց աչքերով նայում է ու ա՜խ քաշում...