Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաստատեց։ Այստեղից անցավ Աստապատ, հիմնեց ս. Ստեփաննոս Նախավկայի վանքը և այլ եկեղեցիներ։ Նրա եռանդը և սնահավատ ժողովրդից ստացած համակրությունը այն աստիճան գրգռեցին ժամանակի Մելիքսեթ կաթողիկոսի նախանձը, որ նա բողոքեց թագավորի Ամիրգունա անունով կուսակալին, որ նստում էր Երևան քաղաքում, որպեսզի արգելեն նրան սրբավայրեր հիմնելուց։ Երկար տարաձայնություններից հետո, հազիվ թե կարողացան սանձահարել հրաշարգործի մոլեռանդությունը։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Արիստակես վարդապետ բարգուշատցին, որ հիմնեց Տանձափարախի անապատը։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Շամքորի ձորեցի Դավիթ եպիսկոպոսը, որ հիմնեց նույն ձորի մեջ Չարեքագետի անապատը, ուր կազմվեցավ «անստացված» կոչված ճգնավորների միաբանությունը։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր Բարապետ եպիսկոպոս վաղարշապատցին, որ հիմնեց Սևանա կղզու անապատը։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էին Թովմաս եպիսկոպոս տաթևացին և տեր-Կիրակոս տրապիզոնցին, որ հիմնեցին Քշտաղի Հոչանց գյուղի անապատը։

Սյունյաց մեծ անապատի միաբաններիցն էր երևելի Մովսես վարդապետ Սյունեցին, որ հիմնեց Անանիա Առաքելո անապատը Երևան քաղաքում է իսկ հետո կաթողիկոս ընտրվելով, նորոգեց ավերակ դարձած էջմիածինը։

Սյունյաց մեծ անապատի աշակերտ էր Փիլիպոս վարդապետ Աղբակեցին, որ Մովսեսից հետո հայոց կաթողիկոս ընտրվեցավ։ Դա իր նախորդի նման շատ նորոգություններ արեց էջմիածնում, կառուցեց գեղեցիկ զանգակատունը, նորոգեց ս. Գայանեի և Հռիփսիմեի վանքերը, նորոգեց Օշական գյուղի ս. Տաճարը, որը էր հանգստարան սրբույն Մեսրոպի, նորոգեց և Բջնի գյուղի ս․ Աստվածածնի տաճարը։

Հիշյալ երկու կաթողիկոսների՝ Մովսեսի և մանավանդ Փիլիպոսի օրերում հիմնվեցան և նորոգվեցան ուրիշ շատ վանքեր ու եկեղեցիներ։ Ջուղայեցի Հակովբ վարդապետը, որը Փիլիպոսից հետո կաթողիկոս դարձավ, նորոգեց Դարաշամբի ս․ Ստեփաննոս Նախավկայի վանքը։ Մեղրեցի Եսայի վարդապետը (Մովսես կաթողիկոսի աշակերտը) նորոգեց Երնջակա ս. Կարապետի վանքը։ Վաղարշապատցի Զաքարիա վարդապետը (դարձյալ Մովսես կաթողիկոսի աշակերտը) նորոգեց Հովհաննա վանքը Արագածի ստորոտներում