չփոխելով իրանց ուխտին և միաբանությանը հատուկ կանոնները։ Ահա այդ անապատն էր, որ մենք տեսանք, և այդ անապատի պատմական ծագումն էր, որ ես խոստացա անել։
Սյունյաց մեծ անապատը թեև տվեց երկու նշանավոր անձնավորություններ, որպիսիք էին Մովսես և Փիլիպոս կաթողիկոսները, բայց նրա նեղ, սահմանափակ, կղերական ուղղությունը կարող էր ավելի վնասակար լինել, եթե ինքը բնությունը վերջ չդներ այդ անապատի մոլեռանդությանը։ 1658 թվի սաստիկ երկրաշարժը ճեղքեց, պատառեց այն սարավանդի մի մեծ մասը, որի վրա կանգնած էր անապատը։ Ահագին ապառաժը խորտակվելով, բաժան-բաժան լինելով, վերևից թափվեցավ իր հանդեպ գտնված խոր ձորի մեջ, որտեղից հոսում էր Որոտն գետը։ Գետի ընթացքը արգելվեցավ, և ձորի մեջ մի ընդարձակ լճակ կազմվեցավ, հետո ջուրը իր համար ուրիշ ճանապարհ բաց արեց։ Բայց զարմանալին այն էր, որ քարաժայռի այն մասը, որի վրա կառուցված էր անապատը, ահագին բարձրությունից մինչև գետի ափը սողալու ժամանակ, մնաց ամբողջ և իր վրա ամբողջությամբ պահպանեց անապատը։ Նույն դրության մեջ մնում է մինչև այսօր։ Այդ դեպքը թեև համարվեցավ մի մեծ հրաշք, այնուամենայնիվ, անապատի միաբանները այլևս չկարողացան այնտեղ բնակվել և ցրիվ եկան դեպի զանազան կողմեր։ Եվ այդպես, Սյունյաց մեծ անապատը իր գոյությունը պահպանեց 45 տարուց փոքր-ինչ ավելի, իսկ այդ սուղ ժամանակում նրա կատարած գործը մեծ եղավ։ Ինչպես վերևում մի առ մի ցույց տվեցինք, նրանից ծնունդ առին ուրիշ շատ վանքեր և անապատներ միևնույն կազմակերպությամբ, միևնույն կարգերով ու կանոններով…
Կարծեմ, իմ այդ համառոտ տեսության մեջ բավական պարզվեցավ, որ անապատը երկրի անապահով դրության և նույն անապահովությունից առաջացած ժողովրդի հուսահատական վիճակի արդյունքն է։ Աշխարհից բավականություն չգտնելով, դժգոհ լինելով, մարդը սկսում է ատել աշխարհը։ Եվ որովհետև նա ինքը նույնպես աշխարհի մի մասն է կազմում, հետևապես սկսում է ատել և իր անձը։ Այստեղից է առաջ գալիս այն հոգևոր անձնասպանությունը, որ կրոնավորների լեզվով կոչվում է ճգնավորություն, խստակեցություն և մարմնամաշություն։ Անապատականը դրսից, նույնիսկ աշխարհից է ստանում անձնասպանության այդ զգացմունքը և, իր մթին խուցի մեջ զարգացնելով, կրկին վերադարձնում է աշխարհին։ Նրանց հարաբերությունները