Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասնելով մեր իջևանը, վարպետ Փանոսին գտանք իր տան դռանը կանգնած։ Նա մեզանից մի քանի ժամ առաջ էր վԵրադարձել Ավանց գյուղից։ Երևում էր, որ նավաստին պատմել էր նրան մեզ հետ պատահած արկածները թե՛ ալեկոծության ժամանակ և թև՛ անապատում։

— Լսեցի, լավ թրջվեցա՜ք,— ասաց նա ծիծաղելով։

— Վարդապետները ցամաքացրին մեզ,— պատասխանեց Ասլանը նույնպես ժպտալով։

Նա կանչեց իր աշակերտներին, հրամայեց, որ տեղավորեն մեր ձիաները։ Մենք ներս մտանք։

Ասլանը և վարպետ Փանոսը խոսում էին վանքի մասին։ Վարպետը հարցնում էր, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա աբեղաները, նրանց կյանքը, նրանց սովորությունները և այլն։ Իսկ ես նրանց չէի լսում։ Իմ մտքից չէին դուրս գալիս Սուսանը և Հյուբբին։ Երևում էր, որ Ասլանի վրա ևս նրանց անակնկալ հայտնվիլը խիստ ծանր տպավորություն գործեց։ Այդ պատճառով խիստ կարճ պատասխաններ էր տալիս վարպետին և չէր ուզում խոսակցությունը երկարացնել, որպեսզի ինքը ժամանակ ունենա մտածելու Հյուբբիի և Սուսանի մասին։ Անպատճառ մի բան պատահած պետք է լիներ, կամ շատ վատ, կամ շատ լավ։ Բայց մինչև ստուգելը, այդ գաղտնիքը բավական պիտի տանջեր թե՛ ինձ և թե՛ Ասլանին։ Սուսանը ոչինչ չասաց Ասլանին։ Գուցե նա ասաց, բայց ես չհասկացա։ Ես զբաղված էի Հյուբբիով, այդ պատճառով նկատել չկարողացա, թե ինչ ակնարկություններ արին միմյանց հետ պառավը և Ասլանը։ Ես տարակույս չունեի, որ նրանք շուտով չէին հեռանա մեր բնակարանի շրջուկայքից, և մենք գուցե մի քանի անգամ կհանդիպեինք նրանց։ Բայց հիմա ո՞ւր գնացին նրանք։ Խորհրդավոր գավազանը Ասլանին հանձնելուց հետո, նրանք շտապով հեռացան և մի քանի րոպեում անհայտացան մյուս նեղ փողոցի մեջ, որ տանում էր դեպի գերեզմանատունը։ Երևի, այնտեղ էր նրանց օթևանը, մեռելների մոտ։ Կենդանի մարդիկ այդ թշվառներին իրանց բնակարաններում տեղ չեն տալիս։ Խորշում են բոշաներից...

Բայց ո՞րքան ուրախացավ Հյուբբին, երբ տեսավ մեզ։ Ես չէի կարողանում մոռանալ այն սիրուն ժպիտը, որ երևաց նրա արևակեզ, սևացած դեմքի վրա։ Բայց ինչո՞ւ էր այժմ նա այնպես վատ հագնված։ Նա այլևս գույնզգույն, խայտաճամուկ հագուստը չուներ, որ տեսել էի նրա վրա ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ։