Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ լույսը։ Ես տհաճությամբ գնում էի նրա ետևից։ Բայց իմ տհաճությունը իսկույն փարատվեցավ, երբ մոտեցանք, և բոցերի միջից, որպես մի երկայն Քերովբեի դեմք, երևաց Հյուբրիի սիրուն դեմքը։ Պառավը, նստած գետնի վրա, թիկն տված մի տապանաքարի, գլուխը տխրությամբ խոնարհեցրած, խորին մտահուգության մեջ՝ նայում էր կրակի վրա։ Հյուբբին իր հավաքած մացառներով բորբոքում էր կրակը։ Երբ պառավը լսեց մեր ոտնաձայնը, գլուխը վեր բարձրացրեց, նայեց շուրջը։ Իսկ Հյուբբին կանգնեց, և նույն րոպեում լսելի եղավ նրա սուր, մետալական ձայնը.

— Մի մոտենա՜ք...

Ասլանը հեռվից ինչ-որ պատասխանեց։

Հյուբբին առաջ վազեց, ընկավ նրա գիրկը։ — Ես կրկին ետ բերեցի քո դյութական գավազանը, Հյուբբի,— ասաց Ասլանը՝ համբուրելով նրան։

— Ես էլ այդ պայմանով էի տվել քեզ,— ասաց Հյուբբին, մի առանձին ուրախությամբ նրա ձեռքից առնելով իր ավանդը։

Պառավը լռությամբ կանգնեց, վեր առեց իր ճանապարհորդական պարկը, որ դրած էր տապանաքարի վրա, կապեց մեջքին, վեր առեց իր ցուպը և մոտեցավ Ասլանին։

Նրանք, մի կողմ առանձնացած, երկար խոսում էին միմյանց հետ։ Այդ միջոցին Հյուբբին մոտեցավ ինձ։ Ես հարցրի.

— ճանաչո՞ւմ ես ինձ։

— ճանաչում եմ, ինչպես չեմ ճանաչում։

— Այս գիշեր այստե՞ղ պիտի մնաք։

— Ոչ, մենք սպասում էինք Ասլանին, հիմա պիտի գնանք։

— Ո՞ւր պիտի գնաք։

— Այդ մայրիկը գիտե․․․ Խորամանկը չուզեց ինձ հետ անկեղծ լինել։ Իմ կատարած դերը իմ ընկերների գործողությունների մեջ՝ սաստիկ ծիծաղելի էր։ Ինձ վիճակված էր միշտ գործ ունենալ մանրների հետ, իսկ այդ մանրիկներն անգամ ինձանից, շատ բան թաքցնում էին։

Հյուբբին իր փոքրիկ մատիկներով զննում էր գավազանի գլուխը, փորձելու համար, արդյոք լավ էր ամրացրած, թե ոչ։

— Ի՞նչ կա դրա մեջ,— հարցրի նրանից։

— Ի՞նչ պետք է լինի, ոչինչ չկա,— պատասխանեց նա։

Ես հավատացած էի, որ այդ սև օձը կրում էր իր փորում պատասխանը այն թղթի, որ այսօր Ասլանը իմ աչքի առջև դուրս հանեց նրա փորից, կարդաց, այրեց, Ես հավատացած էի, սր Հյուբբին գիտեր այդ, բայց նա ինձ ոչինչ չասաց։