Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ի՞նչ կանեիր, եթե այդ գավազանը ճանապարհին խլեին քո ձեռքից, – հարցրի նրանից:

– Ո՞վ կարող է խլել, – պատասխանեց նա ինքնավստահ ժպիտով, – ես նրան իսկույն կթունավորեի: ՉԷ՞ս իմանում – ախար դա կծում է, նայի՛ր:

Նա մատներով հուպ տվեց օձի պարանոցը և, իրավ, նա սկսեց իր լայն բերանը բացուխուփ անել և սլաքի նման լեզուն շարժել: Եթե ես չգիտենայի, թե դա արհեստական է, ինձ վրա ևս սոսկալի տպավորություն կգործեր, ուր մնաց միամիտ անձանց, որոնք մի առանձին սնահավատությամբ են վերաբերվում դեպի օձերի և թովիչների գործողությունները:

Ասլանը, վերջացնելով իր խոսակցությունը պառավի հետ, մոտեցավ Հյուբբիին, դարձյալ գրկեց նրան, համբուրեց և խիստ զգացված ձայնով ասաց.

– Գնացե՜ք բարյավ... Տեր ընդ ձեզ...

– Մնա՜ք բարյավ... – ասաց Հյուբբին և միացավ պառավի հետ:

Մենք բաժանվեցանք: Բայց այդ բաժանումը այնքան սրտաշարժ էր և զգալի, որ ես չկարողացա զսպել իմ արտասուքը: Ասլանը նույնպես շատ հուզված էր: Կրակի մոտ կանգնած, երկար նայում էինք այդ գիշերային ուղևորների ետևից, մինչև նրանք բոլորովին անհետացան խավարի մեջ: Խե՜ղճ աղջիկ... Խե՜ղճ պառավ, ինչի՞ համար էր այդ անձնազոհությունը... ո՞րպիսի ճակատագրական մռայլ խորհուրդ ստիպում էր հանձն առնել մի այդպիսի մռայլ գործ, որ թաքնված էր մթության մեջ... Այն ի՞նչ գերբնական զորություն էր, որ առաջնորդում էր մի զառամյալ կնոջ և մի դեռահաս աղջկա` անցնել ամեն փորձանքների, ամեն դժվարությունների միջից և կուրորեն դիմել դեպի մի անհայտ նպատակ...

ԺԴ

ԹԵՈՍ ԱԽՊՈՐ ՍՐՃԱՏՈՒՆԸ

Վանա սրճատները բացվում են արևի լույսի հետ և փակվում են արևը մայր մտնելու հետ: Գիշերը ամեն կյանք, ամեն գործողություն դադարում է այստեղ: Մարդիկ տնից դուրս չեն գալիս, որ չհանդիպեն ոստիկանության կամայականությանը: Դատարկ