Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փողոցներում թափառում են միայն գողերը ու նրանց ընկեր գիշերապահները։

Անհնարին կլիներ մի ուրիշ ժամանակ, գիշերվա այն ժամին, մեր որոնած սրճատունը բաց գտնել, եթե ռամազանի ամիսը չլիներ։ Այդ ամսում մահմեդականների համար ցերեկը գիշեր է դառնում, իսկ գիշերը ցերեկ։ Ամբողջ օրը օրուշ (ծոմ) պահելով, նրանք օրվա մեծ մասը քնով են անցկացնում, իսկ գիշերը արթուն են մնում ուտելու և աղոթելու համար։ Երբ մտանք քաղաքը, հացթուխների, խոհարարների և նպարավաճառների խանութներից շատերը դեռ բաց էին: Փողոցներից նրանք միայն փոքր ի շատե լուսավորված էին, որտեղ այս տեսակ խանութներ կային։ Կրպակների ճրագի լույսը տարածվում էր և փողոցի մեջ: Մարդիկ դեռ անցուդարձ էին անում։ Ոմանք դիմում էին դեպի մեչիդները, իսկ ոմանք հարևանների մոտ, գիշերը անցկացնելու համար ուտելով և հոգևոր զրույցներով։ Հարուստները այդ գիշերներում իրանց սեղանի շուրջը հավաքում են աղքատ դրացիներին։ Տարվա մեջ մի ամբողջ ամիս մահմեդականը ողորմած և ջերմեռանդ է դառնում:

Երում էր, որ Ասլանին անծանոթ չէր Թեոս ախպոր սրճատունը. նա առանց հարցուփորձ անելու ուղիղ դիմում էր դեպի այն կողմը։ Երբ հասանք, նա անցավ սրճատան ետևի կողմը և սկսեց բախել մի փոքրիկ դուռ, որ շուտով բաց արին։ Մենք ներս մտանք։

— Կարելի՞ է տեսնել Թեոս ախպորը,— հարցրեց Ասլանը դուռը բաց անող ծառայից։

— Նա սրճատանն է,— պատասխանեց ծառան։

— Կանչեցեք այստեղ։ Ասացեք, մի պարոն ձեզ հետ գործ ունի։

— Իսկ ձեր անո՞ւնը։

— Իմ անունը ձեզ հարկավոր չէ, դուք միայն կանչեցեք, նա կգա։

Ծառան մրթմրթալով հեռացավ։ Մենք փոքրիկ բակում սպասում էինք։ Քանի րոպեից հետո ճրագը ձեռին հայտնվեցավ Թեոս ախպերը, որ նախ մի քննողական հայացք ձգեց Ասլանի երեսին, մի քանի վայրկյան նայեց նրա վրա, հետո ասաց.

— Խնդրեմ, ներս համեցեք։

Նա տարավ մեզ մի մաքուր սենյակ, որը կահավորած էր կիսաարևելյան և կիսաեվրոպական ճաշակով։ Պատերի մոտ դրած էին երկար թախտեր, պատած գեղեցիկ գորգերով ու բարձերով: