Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ մեջտեղում մի բոլորակ սեղան, որի վրա նա դրեց իր ձեռքի ճրագը։

— Ի՞նչ կկամենայիք,— հարցրեց նա մի այնպիսի եղանակով, որպես հյուրանոցի տերը դիմում էր իր այցելվին:

— Տվեցեք խմելու մի բան,— ասաց Ասլանը:

Նա դուրս եկավ և մի քանի րոպեից հետո վերադարձավ, բերելով երկու շիշ գինի և երկու բաժակներ, որ գլխարկի նման անց էր կացրել շիշերի գլխին, դրեց սեղանի վրա ասելով.

— Բաղեշու գինի է, մնաց մեկ շիշ միայն, այն էլ, եթե հանգուցյալ հայրս գերեզմանից դուրս գա, խնդրե, չեմ տա, ինձ համար եմ պահել։

— Դուք ամեն լավ բան ձեզ համար եք պահում, Թեոս ախպեր,— ասաց Ասլանը ծիծաղելով:

— Ապա ի՞նչ անեմ, «մարգարեն առաջ իր հոգու համար է աղոթում»,— պատասխանեց նա թուրքի առածով, հետո բաժակները առանձին-առանձին վեր առեց և, նրանց մաքրությունը փորձելու համար, բռնեց ճրագի լույսի առջև, նայեց, և գոհ չմնալով, առեց իր ուսի վրայից անձեռոցիկը, սկսեց նորից սրբել։

Թեոս ախպոր վարվողությունը Ասլանի հետ` ոչ պանդոկատիրոջ հաճոյամոլության էր նմանում, որ աշխատում է գոհացնել իր այցելվին, նրա գրպանները դատարկելու համար, և ոչ տանտիրոջ վարվողություն էր, որ աշխատում է պատվել իր պատահական հյուրին, որ նա շնորհակալությամբ հեռանա: Նրանց մեջ երևում էր ինչ-որ մտերմություն, թեև սրճանոց պահողները առհասարակ քաղաքավարի են լինում իրանց հաճախորդների հետ, որպես քահանան իր ժամասեր ծուխի հետ։

Ասլանը ածեց բաժակները, գինին Թեոսի գովածից ավելի ազնիվ էր։ Երբ նա նկատեց, որ մենք գոհ մնացինք, դրեց սեղանի վրա և մի կտոր ապխտած միս, խորհուրդ տալով միասին ճաշակել, ասելով, թե այնպես ավելի համով է լինում գինին։

Թեոս ախպերը փոքրիկ մարդ էր, կարճահասակ, գորշ և մելամաղձոտ դեմքով, սուր և թափանցող աչքերով։ Նրա մեջքի հազիվ նշմարելի սապատը ամենևին չէր խանգարի կազմվածքի բարեձևությունը, եթե գլուխը չափազանց խորն ընկած չլիներ ուսերի մեջ։ Բայց այդ ահագին գլուխը իր լայն ճակատով և ալեխառն, գանգուր մազերով, եթե դրված լիներ մի բարձր հասակի վրա, անտարակույս, Թեոս ախպերը աշխարհի գեղեցիկ տղամարդերից մեկը կլիներ։ Ինչպես վանեցի, նա դեռ իր պատանեկության