Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասակում գնաց Կ․ Պոլիս իր բախտը փորձելու։ (Հազիվ կարելի է գտնել մի վանեցի, որ իր կյանքում մի քանի անգամ Պոլիս գնացած չլինի)։ Նա շատ գործերի ձեռք զարկեց, բայց ոչինչ բանում չհաջողվեց նրան։ Եթե նրա մարմինը բնական պակասություններ չունենար, եթե նա ուժեղ մարդ լիներ, կարող էր իր հայրենակիցների և այլ հայաստանցիների նման Պոլսում համալրություն (բեռնակրություն) անել, ղայըղջի (նավաստի) լինել, թուլումբաջիների (հրդեհաշեջների) մեջ մտնել և, վերջապես, էյվազ (տան սպասավոր) լինել։ Իսկ այդ վերջին ծառայության համար հարկավոր էր վայելչահասակ լինել, և պարոններին ու տիկիններին դուր գալու համար, սիրուն դեմք ունենալ, որոնցից զուրկ էր Թեոս ախպերը։ Միակ գործը, որի մեջ նա փոքր ի շատե հաջողություն գտավ, էր մի սրճատան մեջ ղահվե եփողի օգնականի պաշտոն գտնել։ Այստեղ նա հազիվ կարողացավ այնքան փող վաստակել, որ ճանապարհի ծախս ունեցավ իր հայրենիքը վերադառնալու։ Թեև նա վերադարձավ դատարկ քսակով, բայց պանդխտության դառն փորձերի մեջ խրատված, շատ բան տեսած, շատ բան սովորած և շատ բաներից ևս հրաժարված վերադարձավ...

Թեոս ախպերը երկար մնաց մեզ մոտ, շտապեց սրճատունը իր մյուս հաճախորդներին ևս գոհացնելու համար։ Այդ միջոցին սենյակի մեջ բացվեցավ մի դուռ և այնտեղից ներս վազեց մի երեխա, որը, մեզ տեսնելով, մի քանի քայլ հեռավորության վրա կանգնեց և մի քանի վայրկյան զարմացած կերպով նայելով մեզ վրա, կրկին նույն դռնով դուրս փախավ, ճչալով.

— Ես հիմա լավ եմ, պարոն բժշկապետ, և դեղ չեմ խմի։ Ես հասկացա, որ Ասլանը այդ տան մեջ օտար չէր։

— Դու ճանաչվեցար,— ասեցի նրան,— փոքրիկը ճանաչեց քեզ։

— Վնաս չունի, նա խելացի երեխա է, նա ինձ չի մատնի,— պատասխանեց նա իր շուրջը նայելով։ Երևի մեկին սպասում էր։

—Ես Ասլանին միայնակ թողեցի և մտա սրճատունը, որը կից էր Թեոս ախպոր բնակարանին։ Տան ետևի կողմում բնակվում էր նրա ընտանիքը, իսկ առջևի կողմում, որի դուռը բացվում էր փողոցի վրա, զետեղված էր սրճատունը։ Դա մի ընդարձակ դահլիճ էր, լուսավորված յուղային ճրագներով, Եվրոպական կարասիք չկային այնտեղ։ Դահլիճի բոլոր չորս կողմը, պատերի տակին, հատակից փոքր-ինչ բարձր, շինված էին փայտյա երկար բազմոցներ, որոնց վրա ծալապտաիկ նստած էին հաճախորդները։