Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց մեջ կարելի էր գտնել ամեն տեսակ մարդիկ, սկսյալ քաղաքի դատարկամոլ սրիկաներից, մինչև վաճառականներ, արհեստավորներ, կառավարության պաշտոնյաներ, և ոչինչ պաշտոն ու պարապմունք չունեցող թափառականներ։ Բոլորը նարգիլե էին ծխում, ղահվե էին խմում կամ զբաղված էին մի որևիցե խաղով, որպիսին էր` նարդի և այլն։ Թամբաքվի թանձր ծուխի միջից հազիվ կարելի էր լինում որոշել այդ խառնիճաղանջ բազմության դեմքերը։ Ես մի կողմում միայնակ նստեցի և հեռվից նայում էի, թե որպես այդ մարդիկը, ճնշված, խորտակված օրական հոգսերի ծանրության ներքո, այժմ ծուխի և դառն ղահվեի թմրության մեջ, անձնատուր էին եղած մի տեսակ արբեցուցիչ ինքնամոռացության։

Թեոս ախպոր սրճատունը քաղաքի առաջնակարգ սրճատներից մեկն էր: Նրա պահողը, երկար տարիներ Կ. Պոլսում մնալով, մտցրել էր իր սրճատան մեջ մի քանի մայրաքաղաքյան կարգեր, բայց այնուամենայնիվ, նրա սրճատունը պահպանել էր իր գավառական բնավորությունը։ Այստեղ ամեն ինչ պատրաստվում էր, ամեն ինչ կատարվում էր այցելվի աչքի առջև։ Նրա աչքի առջև: Եփում էին ղահվեն, և շերեփի նման երկար սրճամանի պոչից բռնած, բերում էին և հենց պահանջողի մոտ լցնում էին փոքրիկ ֆինջանի մեջ և մատուցանում էին նրան։ Այդ երկար, պոչավոր սրճամանները զանազան մեծություն ունեին։ Նրանցից ամենափոքրիկը մի մատնոցի չափ հազիվ կլիներ, իսկ նրա համեմատ ֆինջանը իր մեծությամբ շատ չէր տարբերվում սրճամանից, այնպես որ, միանգամից եփածը նա կարող էր ամբողջությամբ իր մեջ առնել և մի մարդու պահանջին բավականություն տալ։ Բայց այդ պահանջները կրկնվում էին ամեն րոպեում մի քանի անգամ։ «Ղահվե մը»,— գոչում էր պահանջողը»։ —Շաքարո՞վ, թե անշաքա՞ր» —հարցնում էր պատրաստողը, և երբ հյուրի կամքը իմանում էր, իսկույն մի քանի կաթիլ ջուր էր ածում մատնոցի այսինքն սրճամանի մեջ բռնում էր մանղալի վրա, հետո սղկած ղահվեն ածում էր նրա մեջ, սև հեղուկը արդեն պատրաստ էր, մատուցանում էր պահանջողին, իսկ պահելու համար` ածուխով մի սև գիծ էր քաշում պատի վրա։ Այդ գծերից` ամեն մեկի անունով` կարելի էր համարել հարյուրներով, այն ևս մի քանի ժամվա մեջ։ Նարգիլեն ծխում էին և անդադար ձայն էին տալիս «ղահվե մը»...

Թեոս ախպոր սրճատունը բավականություն էր տալիս իր հաճախորդների և այլ պահանջներին։ Ահա այնտեղ, մի կողմում,