Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա խոջա Թորոսն է, մուսոլցի է, այստեղ թումաջի վաճառականություն է անում, — հանգամանորեն պատասխանեց Թեոս ախպերը։

— Իսկ այս մյուս երկո՞ւսը, որ մուսուլցու մոտ նստած են:

— Նրանց չեմ ճանաչում, նոր մարդիկ են։

Թեոս ախպերը հեռացավ։ Ես այժմ ավելի ուշադրությամբ սկսեցի հեռվից զննել թումաջի վաճառականին։ Սրճատան անտանելի տաքության պատճառով, երեսից ետ էր քաշել գլխի արաբական ծոպավոր ծածկոցը, և ճակատը մինչև կեսը մնացել էր բաց։ Նրա դեմքը, կաշու գույնը, երեսի գծադրությունը ամենևին չէր նմանում Միջագետքի արևակեզ բնակչի կերպարանքին, իսկ շիլ, արագաշարժ աչքերը ինձ շատ ծանոթ էին երևում։ Նա այն աստիճան զբաղված էր իր խոսակիցներով, որ ամենևին ուշադրություն չէր դարձնում իմ վրա, կամ եթե տեսնում էր ինձ, այնպես էր ձևացնում, որ չէ նկատում։ Ես մոտեցա և ետևից ձեռքս կամաց դրեցի նրա ուսի վրա։ Նա ետ նայեց և աչքերի արագ շարժումով այնպիսի մի նշան արեց, որ ես շփոթվեցա և ակամա լռեցի։ Նա իսկույն դուրս բերեց ինձ իմ շփոթությունից, իր մոտ տեղ ցույց տալով։

— Խնդրեմ, նստեցեք, պարոն, երևում է, որ դուք ևս մեզ նման օտարական եք։ Պանդուխտները ավելի հեշտությամբ են մոտենում միմյանց։ Մեր շիշի մեջ դեռ մնացել է մի քանի ֆինջան օղի,— նա ձեռքը տարավ, վեր առեց շիշը, շարժեց, տեսնելու, ճշմարի՞տ է իր ասածը, թե ոչ։

Ո՞վ կարող էր երևակայել, որ ես այստեղ, այս խառնաշփոթ բազմության մեջ, մուսուլցի կաշեվաճառի կերպարանքով կգտնեի մեր ընկեր Սագոյին։ — Խոջա մորոսը, — այսպես էին այժմ կոչում նրան։ Ո՛րքան հարմարվում էր նրան այդ անունը, այդ արաբական զգեստը, այդ լիահնչուն, կոկորդային ձայնը, այդ լուրջ խոսակցությունը երկու անծանոթների հետ։

Ես այնքան սովորած էի Սագոյի ծաղրածություններին, նրա կծու հեգնությանը, նրա թեթև ստախոսություններին, որ առանց նրանից մի բառ անգամ լսելու, բավական էր նրա երեսին նայել միայն, ես այլևս չէի կարող զսպել իմ ծիծաղը։ Իսկ նրա այժմյան կերպարանափոխությունը, իր օտարոտի ձևերով, ավելի շատ առիթներ ուներ իմ ծիծաղը շարժելու. բայց ես, չգիտեմ ինչո՞ւ, այնպես լռվեցա, ինչո՞ւ այնպես համեստ գտնվեցա նրա առջև։

Նա մի քանի խոսքով հարցրեց իմ ով և որտեղից լինելը