Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արճիճով լցված լիներ։— Ի՞նչ մի առանձին բավականության են գտնում այդ տեսակ վիճաբանությունների մեջ,— մտածում էի ես,— միշտ միևնույն խոսքերը, միշտ միևնույն դատողությունները. մեկը հարստահարված է, մյուսը հարստահարող է, մեկը հալածված է, մյուսը հալածող է, ի՞նչ պետք է անել, որ նեղյալների դրությունն ավելի բարվոքվի, ի՞նչպես պետք է թեթևացնել ճնշվածների ծանր բեռը և այլն։ Կարծես դրանք այն մեծ աստվածորդու աշակերտները լինեին, որ հրավեր կարդաց նեղված մարդկության՝ ասելով— «Եկա՛յք առ իս ամենայն նեղեալք և ծանրաբեռնեալք, և ես հանգուցից զձեզ»։

Ընթրիքի սեղանը վերջապես ազատեց ինձ նրանց խոսակցություններից. վիճաբանության թելը ընդհատվեցավ։ Վարպետի տան սպասավորները նրա գործարանի աշակերտներն էին: Ներս մտան մի խումբ զանազան հասակի պատանիներ, յուրաքանչյուրը ձեռքում մի բան բերելով, մեկը աղ, մյուսը հաց, երրորդը գինի, չորրորդը կերակուրներ,— մի խոսքով, ինչ որ պատրաստված էր, բոլորը միանգամից դրվեցավ սեղանի վրա։ Նրանց տեսնելով, ես բոլորովին սթափվեցա, այլևս չէի նիրհում, մանավանդ երբ նկատեցի, որ այդ չարաճճիները մի առանձին հեգնությամբ էին նայում իմ վրա։ Մեկը նրանցից մինչև անգամ դիտմամբ կոխեց իմ ոտքը։ Բայց ես ավելի պատճառներ ունեի նրանց վրա ծիծաղելու։ Բոլորի ձեռքերը, սկսած մատներից մինչև արմունկները, կապույտ գույն ունեին, կապույտ գույներով ներկված էին և նրանց երեսներն ու քթերը։ Հեշտ բան չէր ներկարարի աշակերտ լինել և չթաթախվել ներկերի մեջ։ Բայց ե՞ս... ե՞ս ում աշակերտն էի... իմ ձեռքերն ի՞նչ գույնով պիտի ներկվեին... Այդ հարցերը իմ գլխում ծագելու ժամանակ ես ամբողջ մարմնով դողում էի...

Ընթրիքից հետո ես խնդրեցի վարպետից, որ ինձ մի տեղ ցույց տային քնելու։ Նա իսկույն հրամայեց աշակերտներից մեկին, և նա ինձ համար անկողին պատրաստեց միևնույն սենյակում, ուր մեզ ընդունել էին։ Տնային բարեկեցության գլխավոր հատկանիշներից մեկը երևում է անկողնի մաքրությունից։ Ես այն տեսակ անկողին չէի տեսել իմ կյանքում։ Գլուխս փափուկ բարձի վրա դնելը և աչքերս փակվելը՝ միևնույն րոպեում կատարվեցան։

Գիշերվա կեսին ես զարթեցա. սաստիկ ծարավ էի: Վանա աղի տառեխը ուտելը հեշտ բան չէ, այն ևս գիշերը: Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երթ տեսա, որ Ասլանը դեռ քնած չէր։ Նա