Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն տեղ, ամեն փողոցներում կհանդիպես այս տեսակ շաղակրատների, իհարկե, ավելորդ կլիներ խոսել նրանց ժողովարանների, դպրոցների և քարոզիչների մասին, որոնք իրանց բնավորությամբ շատ չեն տարբերվում այդ գռեհիկ, տգետ, հարյուր ղուրուշանոց լույս ծավալողներից։

Սագոն լռությամբ լսում էր. ինձ ևս հետաքրքրում էր դառնացած երիտասարդը, որը, ինչպես երևում էր, սաստիկ վշտացած էր ոչ այնքան օտարազգի քարոզիչներից, որքան նրանց ձեռքում գործիք դարձած, կույր, մոլեռանդ և դատարկամիտ հայ գործակատարներից։

— Ես կրոնի և ազգային եկեղեցու պաշտպան չեմ,— առաջ տարավ երիտասարդը,— բայց դարձյալ կասեմ, որ այդ մարդիկ ավելի վնասակար են, քան թե քուրդը կամ տաճիկը։ Քուրդը և տաճիկը հափշտակում են հայերից նրանց ձեռքի վաստակը, իսկ այդ կորուստը կարելի է աշխատանքով կրկին լրացնել։ Բայց քարոզիչները, այդ հոգևոր հարստահարիչները, Ավետարանի ճշմարտության անունով սպանում են ազգայնությանը, դա անփոխարինելի է:

— Ի՞նչպես,— հարցրեց Սագոն, լցնելով իմ բաժակը գինի ով, իսկ իր երկու խոսակիցների ֆինջանները` օղիով։

— Այնպես,— պատասխանեց երիտասարդը, վառելով իր կարճ ճանապարհորդական ծխաքարշը և թողնելով մուխի թեթև կույտեր իր դողդոջուն շրթունքների միջից, որ դեռ նոր էին սևանում նորաբույս մազերով։ — Օրինակի համար, վեր առնենք հենց այն երկրները, ուր մենք գործում էինք և որտեղից մեզ հալածեցին. այդ կողմերում հայերը կորցրել են իրանց մայրենի լեզուն և խոսում են քրդերեն, կորցրել են իրանց ազգային այլ առանձնահատկությունները և ապրում են քրդական սովորություններով, մի խոսքով, ոչնչով չեն տարբերվում քրդերից: Մնում է մի հոդ միայն, որ նրանց կապում է ազգային ամբողջության հետ և նրանց հիշեցնում է, թե իրանք հայեր են,— այդ հոդը Հայաստանյաց եկեղեցին է: Իսկ եթե եկեղեցիից ևս կտրվեցան, այլևս ի՜նչ կապ կմնա նրանց և հայության մեջ։

— Ոչինչ կապ չի մնա,— պատասխանեց Սագոն այնպիսի մի եղանակով, որ կարծես շտապում էր լսել երիտասարդի վերջին խոսքը։

— Ահա այդ վնասն են հասցնում բողոքական քարոզիչները, ահա դրանով են սպանում նրանք ազգայնությունը,— շարունակեց