Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սագոյին, և հեռացան դեպի սրճատան մթին մի անկյունը։ Այնտեղ այնպես բաց, առանց ծածկոցի, պառկեցին նրանք տախտակյա մերկ նստարանների վրա, իրանց ուղևորության պարկերը բարձի փոխարեն գլխների տակը դնելով։ Թեոս ախպերը այնքան բարի գտնվեցավ, որ դուրս չվռնդեց նրանց փողոցը, ասելով թե իր սրճատունը գիշերելու տեղ չէ։ Ես խիստ տխուր տրամադրության մեջ բաժանվեցա նրանցից։ «Խեղճ երիտասարդներ, մտածում էի ես, այդպես անտուն, անտեր, աղքատ, որպես մի ողորմելի մուրացկան, թափառում եք երկրե-երկիր, մի ընկած ժողովրդի օգնելու անձնվիրությամբ... Դուք պետք է մրցություն անեք օտարազգի միսիոնարի հետ, որ հայտնվում է կառքերով, ապրում է շքեղ պալատներում, և ոսկին սփռում է, ինչպես փոշի, որ բոլորի աչքերը կուրացնում է... Բայց մի բան կա ձեր մեջ, որ բարձր և հզոր է, քան այն բոլոր փառքը և զորությունը, որ վայելում է օտարազգին,— դա այն մեծ սերն է, որ ունեք դուք դեպի ձեր հանձն առած գործը»։

Երբ ես մտա այն սենյակը, որտեղ թողեցի Ասլանին, Սագոյին նրա մոտ գտա։ Երևում էր, որ Սագոն սրճատնից դուրս գալուց հետո, երևի դռնից մտել էր նրա մոտ: Բայց ո՞վ ասաց նրան, որ Ասլանը այնտեղ է...

ԺԵ

ՎԱՐԱԳ

Մեզ մնում էր տեսնել Վարագա վանքը, այնուհետև մեր հետազոտությունները Վանա շրջակայքում պետք էր վերջացած համարել։

Գեղեցիկ պայծառ առավոտ էր, երբ ես և Ասլանը ձի նստած, դուրս եկանք Այգսետանի ծառազարդ փողոցներից և ողևորվեցանք դեպի վանքը։ Մեր առջևն էր Վարագա սարը իր սքանչելի տեսարաններով։ Արևը դեռ նոր էր սկսել ծագել, նա կամաց-կամաց վեր էր համբառնում Վարագա լեռնագագաթի ճիշտ այն ամենաբարձր կետից, որ կոչվում է Գալիլիա։ Ես առաջին անգամն էի տեսնում արևի մի այնպիսի հրաշալի ծագումը: Ինձ այնպես էր թվում, որ տվնջյան լուսատուն գիշերը հանգչել էր Գալիլիայի