Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր շինվեցան Ս. Գրիգոր և Կարմրավոր վանքերը: Երեքը իջել էին Վերին Վարագում, որ և կոչվում է Գալիլիա: Իսկ յոթը՝ Ներքին Վարագում: Այդ յոթն տաճարներից բաղկացած եկեղեցիների խումբը, որոնց յուրաքանչյուրը առանձին-առանձին անուններ ունի, բոլորը միասին սարի անունով կոչվում են Վարագա վանք:

Այն օրից, որ հայտնվեցավ ս. Նշանը, հայոց եկեղեցին նրա համար տոն սահմանեց, որ կատարվում է մինչև մեր օրերը: Այն օրից, որ հայտնվեցավ ս. Նշանը, Վարագը դարձավ հայոց լեռների սուրբ Սիոնը: Նրա գագաթը, նրա կուրծքը, նրա ստորոտները ծածկվեցան վանքերով, և կրոնավորների բազմությունը լցրեց այդ վանքերը: Երկար տարիներ հիշյալ սուրբ Նշանը պահվում էր Վարագա վանքում, և ամեն կողմից ուխտավորների բազմությունը դիմում էր այնտեղ երկրպագության համար: Երկրի թե՛ հարուստը, թե՛ աղքատը թափում էր այնտեղ իր արծաթն ու ոսկին, նվիրում էր իր կյանքն ու կալվածքները ս. Նշանի սպասավորներին, որպեսզի Վասպուրականի այդ հռչակավոր սրբավայրը միշտ շեն ու պայծառ մնա: Աբեղաները այնտեղ վայելում էին ժողովրդի բարեպաշտության պտուղները և աղոթում էին աշխարհի համար:

Գագիկ Արծրունին ծախսեց իր գանձերից ահագին գումար և շինել տվեց հիշյալ ս. Նշանի համար մի ոսկյա տուփ և պահարան: Իսկ Աշոտ արքայորդին ծախսեց երեսուն հազար ոսկի և զարդարեց նրա պահարանը մարգարիտներով և թանկագին քարերով: Երբ Արծրունիների վերջին թագավոր Սենեքերիմը, իր ամբողջ պետությունը տալով հունաց կայսրին, ինքը տեղափոխվեցավ Սեբաստիա, նա իր թագավորությունից հոժարվեցավ զրկվել, բայց ս. Նշանը տարավ իր հետ: Իսկ հետո դժբախտ թագավորի մարմնի հետ կրկին փոխադրվեցավ Վարագ: Այնուհետև այդ թանկագին սրբությունը դարձավ զանազան բռնակալների ագահության առարկա: 1651 թվին Խոշաբ բերդին տիրող քուրդ Սուլեյման բեկը` Չոմար կոչված ավազակապետի առաջնորդությամբ եկավ, կողոպտեց Վարագա վանքի հարստությունները և ս. Նշանը գերի տարավ իր բերդը: Բարեպաշտ ժողովրդի առատաձեռնության դարևոր արդյունքները մի քանի օրվա մեջ ոչնչացան: Չորս տարի ս. Նշանը մնաց գերության մեջ: Իսկ Վանա հասարակությունը այդ չորս տարվա ընթացքում սուգ էր կատարում: Քանիցս անգամ պատգամավորներ ուղարկվեցան և մեծ փրկանքներ առաջարկվեցան, մինչև, վերջապես, կարողացան գերությունից ազատել իրանց աշխարհի սրբությունը: