Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«բարի աջողումն» ասելով անցանք: Տեսնելով, որ մենք դեպի վանքն ենք գնում, նրանցից մեկը խումբից բաժանվեցավ, եկավ մեզ հետ: Դա մի երիտասարդ աբեղա էր, որ առաջարկեց առաջնորդել մեզ մինչև վանքը: Երբ բավական մոտեցանք վանքին, Ասլանը հարցրեց նրանից.

– Մենք կարո՞ղ ենք գտնել Հայրիկին վանքումը:

Այդ անունով կոչում էին վանահորը:

– Դուք չճանաչեցի՞ք նրան, – զարմանալով հարցրեց աբեղան, – Հայրիկը հենց նա էր, որ վարում էր գութանը:

– Այդ ի՞նչ գութան էր:

– Հայրիկը նոր բերել տվեց Եվրոպայից. այսօր առաջին փորձն էին անում: Սպասում ենք ուրիշ երկրագործական անոթներ ևս շուտով ստանալ:

– Վանքը երկրագործությա՞մբ է պարապում:

– Այո, իր կալվածները ինքն է մշակում: Բայց մենք ունենք վանքում և երկրագործական դպրոց:

– Երկա՞ր կմնա Հայրիկը այնտեղ:

– Երկար չի մնա: Նա տեսավ, որ դուք վանքն եք գնում, ինձ պատվիրեց, որ ձեզ տանեմ, այնտեղ հանգստացնեմ, մինչև իր վերադարձը:

Երբ հասանք վանքը, երբ շրջապատի գլխավոր դռնից ներս մտանք, երբ հետզհետե երևան եղան այդ հինավուրց սրբավայրի պատկառելի շինվածքները, նրանց արտաքին տեսքը միայն իմ վրա այն տպավորությունը գործեց, որ ես հակամայից սկսեցի մտածել, թե այստեղ անպատճառ տեսնելու եմ Կտուց անապատի հակապատկերը: Եվ իրավ, այստեղ շնչում էր մի այլ կյանք, երևում էր մի այլ աշխարհ, այստեղի մթնոլորտը ներշնչված չէր անապատական մշտավառ խունկի թուլացնող և վհատեցնող ծխով, այստեղ միացրել էին հոգևորը և երկրայինը աշխարհայինի հետ:

Վանքը թե՛ արտաքուստ և թե՛ ներքուստ հովանավորված էր ծառերով ու պարտեզներով. վազում էին սառն, հստակ աղբյուրներ, և ջրերի վտակները հավաքվելով, մեծ աղմուկով դարձնում էին վանական ջրաղացի ծանր աղորիքը:

– Այդ ծառերը Հայրիկի տնկածն է, – ասաց մեր առաջնորդը, – այն ջրաղացը երկար ժամանակ խանգարված էր, չէր բանում, Հայրիկը նորոգեց: