Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած էր աշտանակի հանդեպ, որի վրա վառվում էր յուղային ճրագը։ Ինչ-որ գրում էր:

— Այդ ի՞նչ ես գրում,— հարցրի նրանից։

— Նամակներ,— պատասխանեց նա:— Վաղը առավոտյան մեր թղթատարը մեկնելու է...

Արդյոք դեպի ո՞ր կողմը, արդյոք ո՞ւմ պետք է նամակ տանե,— այդ մասին նա ոչինչ չխոսեց:

— Եթե որսորդին գրելու լինես, իմ կողմից ողջունիր,— խնդրեցի նրանից:

— Լավ,— ասաց նա և շարունակեց իր գործը:

Ես նկատեցի, նա չէ ուզում, որ ես նրան խանգարեմ։ Լուռ կացա։ Քունը փախավ իմ աչքերից։ Անկողնիս մեջ պառկած, մի առանձին ապշությամբ նայում էի Ասլանի վրա։ Նա երևում էր ինձ, որպես մի մարմնացած գործունեություն։ Բայց ի՞նչ նպատակի համար էր գործում այդ անխոնջ, մշտապտույտ ուժը, ես հասկանալ չէի կարողանում: Փետուրյա գրիչը երբեմն թղթի վրա սլանում էր, որպես նրա սրաթռիչ միտքը, իսկ երբեմն նա շարժվում էր դանդաղ, շրջանկատ կերպով, որպես հեռատես զգուշություն։ Եթե ես վեր առնեի այն նամակներից մեկը, անտարակույս, կարդալ չպիտի կարողանայի, թեև նրանք գրված էին հայոց տառերով և հայերեն լեզվով։ Գրելու այդ ձևը ես հետո սովորեցի, դա պայմանական մի ձև է, որ միայն նամակի գրողին և ստացողին է հայտնի։

Ասլանը գրում էր։ Ես շարունակում էի նայել նրա վրա, և միևնույն ժամանակ զանազան մտածություններ զբաղեցնում էին իմ անփորձ գլուխը։ Այդ մտածություններն այնքան խառն, այնքան անկապ էին, որ անկարելի էր նրանցից մի որոշ եզրակացություն դուրս բերել։ Իմ երևակայության մեջ, որպես անրջական տեսիլքներ, պատկերանում և դարձյալ աներևութանում էին այն փոփոխությունները, թե ո՛րքան անգամ և ո՛րպիսի տարբեր կերպարանքներով այդ խորհրդավոր երիտասարդը հայտնվել էր ինձ։ Երբեմն տեսնում էի նրան արաբական մինարեթում, այն ամայի, մշտալուռ ավերակների մեջ, իր ավազակային խմբով, բոլորած բոցավառ փայտակույտի շուրջը, անքուն սպասում էին, որ գիշերային խավարը թանձրանա, որ ճանապարհների անցուդարձը դադարի, որ մարդիկ հանգստանան խաղաղ քնով, իսկ իրանք կատարեն մի խավար գործ... Երբեմն տեսնում էի նրան նույն աբեղայական