Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երիտասարդ աբեղան տարավ մեզ մի բավական մաքուր և ճաշակով կահավորված սենյակ, և իսկույն սկսեց մեզ հետ խիստ մտերմական խոսակցություն, թե ո՞րտեղից ենք գալիս, ո՞ւր պիտի գնանք, արդյոք պարոն բժշկապետը երկա՞ր պիտի մնա Վանում, ի՞նչ ազգից է պարոն բժշկապետը, քանի՞ լեզու գիտե և այլն: Այդ բոլոր հարցմունքները այն աստիճան անկեղծ էին, որ Ասլանը առանց ձանձրանալու պատասխանում էր նրան:

– Շա՞տ ժամանակ է, որ Հայրիկը այդ վանքի վանահայրն է, – հարցրեց Ասլանը:

– Շատ ժամանակ չէ, – պատասխանեց աբեղան, – բայց այդ փոքր ժամանակում նա այնքան գործ կատարեց, որ մի ուրիշը որքան և մեծ ջանք ու եռանդ ունենար, հազիվ թե տասն, քսան տարիների ընթացքում կարող կլիներ կատարել:

Երիտասարդ աբեղան Հայրիկի աշակերտներից էր: Ես իսկույն նկատեցի, և այնուհետև ինձ շատ անգամ էր պատահել նկատել, որ նրա աշակերտները նրա մասին խոսելիս՝ նրանց տիրում էր խորին ոգևորություն, և նրանք մի առանձին պարծանքով էին հիշում այն մարդու անունը, որին այնքան սիրում էին, որին այնքան պատվում էին:

– Հայրիկից առաջ, – շարունակեց նա, – այդ վանքը համարյա թե ավերակ էր. ոչ դպրոց կար, ոչ՝ աշակերտ և ոչ՝ կանոնավոր տնտեսություն: Նրա եկամուտները կողոպտվում էին թե՛ ներքին և թե՛ արտաքին ավազակներից: Վանքը պարտքերի ներքո խեղդվում էր: Մինչև անգամ ս. Նշանը գրավ էր դրված թուրք վաշխառուների մոտ: Բայց Հայրիկը կյանք տվեց այդ վանքին: Բոլորը, ինչ որ տեսաք և ինչ որ պիտի տեսնեք, նրա աշխատության պտուղն է: Բայց փոխարենը, ինչ որ ստացավ նա և ինչ որ ստանում է, – միշտ եղել է ատելություն, հալածանք և դավադրություն իր խավարասեր թշնամիների կողմից...

Վերջին խոսքը արտասանելու միջոցին երիտասարդի ձայնը դողաց: Նա պատմեց մի ցավալի անցք, որ պատահել էր հենց նույն օրերում: Հայրիկը Վարագա վանքից, որպես նրա սովորությունն էր, միայնակ, ոտքով Վան քաղաքը գնալու ժամանակ, ճանապարհին հանդիպում է նրան մի քուրդ: Երբ Հայրիկը իր արծվի հայացքով նայում է նրա երեսին, ավազակը շփոթվում է, նրա ձեռքերը սկսում են դողալ:

– Ինչո՞ւ շփոթվեցար, բարեկամ, – հարցնում է Հայրիկը իր սովորական մեղմ ժպիտով: