Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ուզում էի քեզ սպանել, – պատասխանում է ավազակը և, չոքելով նրա առջև, գրկում է նրա ոտները:

– Ինչո՞ւ չսպանեցիր, – հարցնում է Հայրիկը վեր բարձրացնելով նրան:

– Աստված իմ ձեռքը բռնեց, – ասում է քուրդը և սկսում է պատմել, թե որպես Հայրիկի թշնամիները կաշառեցին նրան, և որպես ինքը խոստացավ կատարել այդ եղեռնագործությունը, բայց խղճի ձայնը ասաց նրան, թե պետք չէ սուր բարձրացնել աստուծո օրհնյալի վրա:

– Դու էլ օրհնյալ լինիս, որդի, – ասում է նրան Հայրիկը: – Գնա խաղաղությամբ, բայց այդ բոլորը, ինչ որ պատմեցիր ինձ, ուրիշ ոչ ոքի չպիտի հայտնես:

– Դու խնայո՞ւմ ես քո թշնամիներին, – հարցնում է ավազակը զարմանալով:

– Աստված այդպես է պատվիրում, – պատասխանում է Հայրիկը:

Բայց, չնայելով Հայրիկի պատվերին, քուրդը ամեն տեղ պատմում է նրա կյանքի դեմ դավադրություն սարքող անձինքների անունները, և այդ լսում է ամբողջ քաղաքը:

– Ո՞վքեր են այդ դավաճանները, – հարցրեց Ասլանը:

– Մի քանի եկեղեցականներ, միացած մի քանի աղաների հետ, որոնց պարագլուխն է մեր քաղաքի սրբազան առաջնորդը, – պատասխանեց աբեղան:

– Ի՞նչն էր առիթ տվել նրանց՝ մինչ այդ աստիճան անիրավության դիմել, թափել տալով մի անմեղ արյուն, – հարցրեց Ասլանը փոքր-ինչ զայրացած ձայնով: – Մի՞թե դպրոցը, լույսը, կրթությունը այդքան ատելի է նրանց:

– Ես չեմ կարծում, – ասաց աբեղան, – որ նրանք լուսավորության թշնամի են և այդ պատճառով զինվորվում են նրա տարածողների դեմ: Նրանք չեն կարող թշնամի լինել լուսավորության, որի մասին ամենևին հասկացողություն չունեն, որի վրա երբեք չեն մտածել: Խնդիրը բոլորովին տնտեսական է: Մի ժամանակ, որպես քանի րոպե առաջ ասեցի, այդ վանքում կանոնավոր տնտեսություն չկար. նրա եկամուտները վատնում էին միաբանները, և ինչ էլ որ մնում էր, առաջնորդի կոկորդովն էր անցնում: Բայց երբ Հայրիկը վանահայր դարձավ, նախ վանքը մաքրեց անպիտան միաբաններից, նրանց փոխարեն խմբեց այստեղ ավելի արժանավոր անձինք, և այնուհետև վանական արդյունքները սեփականացրեց