Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր նոր կառուցած հիմնարկությունների պահպանության համար: Այդ բոլորից հետո, շատ բնական է, որ այն անձինքը, որոնք առաջ վատնում էին վանքի եկամուտները, կթշնամանային Հայրիկի հետ:

– Բայց մի՞թե Հայրիկը բարեկամներ չունի:

– Ունի, բայց Հայրիկի բարեկամները այնպիսի կարող, այնպիսի հզոր մարդիկ չեն, որպես նրա թշնամիները: Հայրիկի բարեկամները ժողովրդի հալածված, հարստահարված և ամեն իրավունքներից զրկված դասակարգն է: Հայրիկի բարեկամները աղքատ շինականներն են, քաղաքի արհեստավորներն են, և անտուն, անտեղ, անհող, անջուր սարակներն ու բանվորներն են, և մի քանի երիտասարդներ, որոնք ազնիվ սիրտ և բարի ցանկություններ ունեն, բայց իրանց ցանկությունները կատարելու համար ոչինչ միջոցներ չունեն:

Հայրիկը եկեղեցական աստիճանով դեռ վարդապետ էր, բայց նրա կատարած գործերը, ստացած հռչակը, վայելած ժողովրդական մեծ համարումը, այդ բոլորը չէին կարող չգրգռել մյուս եկեղեցականների նախանձը, որոնք թե՛ աստիճանով և թե՛ դիրքով ավելի բարձր էին քան թե նա, թեև երիտասարդ աբեղան նրանց թշնամությունը բացատրում էր միայն տնտեսական պատճառներով: Նրա կառուցած նոր հիմնարկությունները՝ իրանց նորությամբ անգամ՝ կարող էին օտարոտի և վնասակար թվել մյուս եկեղեցականներին: Նա հիմնել էր իր վանքում մի գիշերօթիկ դպրոց, որը մի տեսակ վարժապետանոց կարելի էր համարել, ուր հավաքել էր նա զանազան տեղերից մանուկներ, այն նպատակով, որ վարժապետացուք կամ կրթյալ քահանայացաք պատրաստվեն և, վերադառնալով իրանց հայրենիքը, գյուղական քահանաներ կամ վարժապետներ դառնան: Դպրոցը ուներ և երկրագործական բաժին: Գյուղական վարժապետը կամ գյուղի քահանան, Հայրիկի կարծիքով, բավական չէ, որ պետք է սովորեցնեին գրել, կարդալ, հաշվել, կամ կատարեին գյուղացու հոգևոր, եկեղեցական պետքերը, այլ, միևնույն ժամանակ, նրանք պետք է ցույց տային, թե որպես պետք է գյուղացին վարեր իր հողը և որպես պետք է դարմաներ իր անասունները, որ ավելի արդյունք ստանար: Բացի դպրոցից, Հայրիկը զանց չէր արել հիմնել կրթության երկրորդ գործիչը` տպագրական մամուլը: Նրա տպարանից լույս էին տեսնում զանազան դասագրքեր և, ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելու համար, փոքրիկ դյուրիմաստ գրքույկներ աշխարհիկ