Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզվով, այլև մի ամսագիր, որ խմբագրվում էր գլխավորապես նրա միաբանության աշխատությամբ։ Այդ բոլորի ի կատար ածելը՝ արժել էր այնքան մեծ ջանքերի և այնքան անտանելի տառապանքների, որոնց դեմ միայն հայրիկի նման մարդու երկաթյա հաստատամտությունը կարող էր պատերազմել։ Քանի՜- քանի՜ անգամ նա ոտքով Պոլիս էր գնացել, հարուստ ամիրաների դռները բախելու և իր հիմնարկությունների համար օժանդակություն խնդրելու։ Նա միայնակ ստեղծեց այն բոլորը. նա առաջին օրինակը եղավ, որ դատարկամոլ և ձրիակեր կրոնավորների անկելանոց դարձած վանքին տվեց մի այնպիսի կազմակերպություն, որ նա սկսեց այնուհետև ծառայել իբրև մի բարձր հիմնարկություն ժողովրդի հոգևոր, բարոյական և մտավոր կրթության համար։

Որքա՜ն մեծ անհամբերությամբ ցանկանում էի տեսնել այդ մարդուն, լսել նրա ձայնը և խոսել նրա հետ։ Նա մեզ երկար սպասել չտվեց, շուտով վերադարձավ գութանի մոտից, քրտնած, փոշիների մեջ թաթախված։ Նախ վազեց իր սենյակը, երևի լվացվելու համար, հետո եկավ մեզ մոտ։ Նա ուրախ էր, որովհետև նորաձև գութանի առաջին փորձը հաջողություն էր խոստանում։

Նա դեռ երիտասարդ էր, երեսուն և վեց տարեկան հազիվ կլիներ․ այդ հասակի համեմատ՝ «Հայրիկ» մականունը շատ օտարոտի կարող էր լինել, եթե նա չունենար մի սիրող հոր խնամքը, հոգնածությունը և բոլոր բարեմասնությունները՝ թե դեպի իր վանքն ու միաբանությունը և թե դեպի ժողովուրդը։ Բարձրահասակ էր նա և ամուր կազմվածքով, երևում էր, որ ծոմը, մշտական աղոթքը և խիստ ճգնությունները, — որոնք մեր անապատականների բարեպաշտության գլխավոր արդյունքն են համարվում,— չէին մաշել նրա մարմինը։ Գլխին վեղար չուներ, շագանակի գույն խիտ մազերը կիսով չափ ծածկում էին նրա լայն ճակատը և, դեպի ետ սփռվելով, անփույթ կերպով թափվում էին հզոր ուսերի վրա։ Մորուքը թավամազ էր, որպես անապատական առյուծի բաշը։ Ինչ որ ավելի նշանավոր էր նրա հեզ, միևնույն ժամանակ այրական դեմքի վրա՝ դրանք էին արծվի խոշոր աչքերը և արծվի կտցաձև քիթը, որոնք թռչունների այդ վեհափառ արքայի բնավորության հատկանիշներն էին արտահայտում — թե՛ նրա հեռատեսությունը և թե՛ նուրբ հոտառությունը։ Գուցե այդ էր պատճառը, որ նա ստացել էր մի երկրորդ մականուն ևս —«Վասպուրականի արծիվ»։ Հագուստը պարզ էր և վայելուչ, իսկ վարվողության ձևերի մեջ խիստ հասարակ էր նա և անկեղծ։ Նայելով այդ կրոնավորի