Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, ի նկատի առնելով նրա անցյալը և ներկան, իսկույն երևում էր՝ մինչև շինականի աղքատ խրճիթը խոնարհված մարդու, ռամկասիրություն․ ռամկի բոլոր առաքինություններով, ռամկի բոլոր անփառասիրությամբ, — և մարդասիրական բարձր գաղափարներով ոգևորված մի եկեղեցականի անձնազոհություն, որ իր աշխատության հոգևոր մխիթարությունը որոնում է նույնիսկ ռամկի, դարերով թշվառացած ռամկի, հանգստության և բարօրության մեջ։ Նա ժողովրդի մարդ էր և ժողովրդի համար ծնված։

Ես առաջին անգամն էի տեսնում մի այսպիսի սիրելի անձնավորություն։ Նա այն տեսակ աբեղաներիցն էր, որի բերանում Հիսուսի, Մովսեսի և Պողոսի անունների հետ ստեպ հիշվում էին իր ազգի նահապետների անունները, ոչ միայն հասարակ խոսակցության մեջ — այլև սուրբ տաճարի բեմից։ Նա չէր խոսում բիբլիական Պաղեստինի և «Վերին Երուսաղեմի» երանությունների մասին. նրա ուխտյալ երկիրը Վասպուրականն էր։ Հայրենասիրությունը հասնում էր նրա մեջ մինչև մոլեռանդության, իսկ կրոնասիրությունը մինչև բարձր առաքինության։

Նրան տեսնելիս, ես մտաբերում էի մեր հինգերորդ դարերի աբեղաներից մեկին, որ, կարծես, նոր էր վերադարձել Աթենքից, և ցուպը ձեռին, մի թափառական դերվիշի նման, շրջում էր հայրենի երկրի զանազան կողմերը և տարածում էր այն լույսն ու գիտությունը, որ իր հետ բերել էր Սոկրատի և Արիստոտելի մայրաքաղաքից։ Հայրենիքը չէ ընդունում իր մեջ կրթության նոր առաքյալին, իսկ խավարասեր կղերը ատելությամբ կատաղած է նրա դեմ։ Բայց նա արհամարհում է խավարասերների հալածանքը և հաստատ, անվեհեր կամքով առաջ է տանում սուրբ գործը։ Մի տեղից հալածվում է նա, մյուս օրը հայտնվում է մի այլ տեղում և սկսում է ցանել իր հայրենակիցների անապատ դարձած մտավոր անդաստանում այն բարի սերմերը, որ ինքը բերել էր հեռավոր երկրներից։ Այդպես էր վարվել և Հայրիկը, ամբողջ Վասպուրականը նրա ընդարձակ ագարակն էր, իսկ ինքը — մի անձնվեր մշակ։

Այդ մարդը կատարելապես սիրահարված էր իր հայրենիքի Վասպուրականի վրա։ Իսկ Վարազը, Վանը և Վանա ծովակը իր շրջակա գավառներով — նրա մտածության գեղեցիկ առարկաներն էին։ Բայց նա իր հայրենիքում նույն դրության մեջն էր, որպես մի ժամանակ Խորենացին Տարոնում։ Կղերը նրա դեմ ևս լարում էր զանազան որոգայթներ։ Այդ էր պատճառը, որ Ասլանը, հիշելով