Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի օր առաջ պատահած աղետավոր անցքը, և հայտնելով իր խնդակցությունը նրա ազատության մասին, ասաց.

— Մի՛ վհատեցեք, հայրիկ, նահատակությունը առաքելության հետ միշտ լծորդաբար է ընթանում։

Հայրիկը պատասխանեց իր սովորական ժպիտով։

— Այդպիսի դեպքեր ինձ չեն կարող վհատեցնել, ես մահից չեմ վախենում։ Բայց չէի կամենա և մեռնել, պարոն բժշկապետ, որովհետև, ով որ նպատակներ ունի, ով որ գործ ունի կատարելու, կյանքը նրան պետք է։

Երկար խոսակցություններից հետո, որ մի առ մի չեմ ուզում հիշել, Ասլանը խնդրեց հայրիկից, որ ցույց տա իր վանքի հիմնարկությունները։

— Մենք ամեն ինչ դեռ նոր ենք սկսում, պարոն բժշկապետ,— ասաց հայրիկը,— այդ պատճառով մեր հյուրերին ցույց տալու դեռ մի արժանավոր բան չունենք։ Մեզ մոտ ամեն ինչ դեռ իր տղայության մեջն է։

— Հենց այդ հասակից կերևա ապագա էակը, գոնե ֆիզիկական կողմից, թե որքան առողջ է և որքան լավ է կազմված։

— Այդ ճշմարիտ է, բայց շատ անգամ ամենաառողջ տղան ևս ջլատվում է, այլանդակվում է վատ դայակների և խորթ մայրերի ձեռքում։

Մենք դուրս եկանք սենյակից։ Վանքի բակում ոչ ոք չէր երևում, մի զույգ աղավնիներ միայն, ճեմում էին պարտեզի կանաչազարդ ածուների շուրջը, նրանք ևս, երբ մեզ տեսան, թռան նստեցին բարձր զանգակատան գերանի վրա։ Ոչ մի վանքում զանգակները այնպես հանգիստ չէին, որպես այստեղ։ Կտուց անապատում նրանք հնչում էին ամեն ժամ, ամեն րոպե, և հրավիրում էին ամշտապաշտոնը միաբաններին շարունակելու անընդհատ ժամերգությունը։ Իսկ այստեղ մերթ ընդ մերթ լսվում էր դպրոցի զանգակի ձայնը, որ որոշում էր դասամիջոցները։ Աշակերտները խմբով դուրս էին թափվում, և վանական լուռ, խաղաղ պարիսպների մեջ տիրում էր մի կենդանի աղմուկ։ Ոչինչ այնպես ախորժելի չէր կարող լինել, քան թե այդ աղմուկը, մանուկ սերնդի սրտի և հոգու ձայնը, որի արձագանքը լսելի է լինում ապագայում...

Հայրիկը տարավ մեզ նախ գրատունը, որ բաղկացած էր երեք սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ։ Երբ մտանք առաջին սենյակը, նա ասաց.