Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այստեղ հավաքված են բոլոր տպագրված գրքերը, թե՛ հայոց և թե՛ օտար լեզուներով։ Մեր միաբաններից յուրաքանչյուրը կարող է որոշյալ ժամերում մտնել այստեղ և օգուտ քաղել գրքերից։

Սենյակում բավական լույս կար, մեջտեղում դրած էր երկար գրասեղան, ծածկած կանաչագույն մահուդով, իսկ նրա վրա դարսած էին մի քանի լրագիրներ և ամսագիրներ, որ նոր էին ստացվել։ Սենյակի շուրջը, փայտյա մեծ պահարանների մեջ, կարգով դասավորած էին զանազան գրքեր, որ երևում էին ապակիների ետևից։ Դեպի որ կողմը և նայում էի, աչքի էր ընկնում կարգ, ճաշակ, մաքրություն և պարզություն։ Այս սենյակը թե՛ գրատուն և թե՛ ընթերցարան էր. այստեղից մտանք մի այլ սենյակ, որը ցույց տալով, ասաց Հայրիկը.

— Այստեղ հավաքված են բոլոր գրչագրերը։

Կահավորությունը նույնն էր, ինչպես առաջին սենյակում. մեջտեղում կանաչ մահուդով ծածկած սեղան, շուրջանակի՝ փայտյա մեծ պահարաններ, և ապակիների ետևից երևում էին մեր բազմաշխատ նախնյաց մագաղաթյա վաստակները։ Սենյակի ճակատին, ոսկյա շրջանակի մեջ, քարշ էին ընկած Սահակ Պարթևի և Մեսրոպի պատկերները, որոնք տվեցին հայերին գիր ու դպրություն մայրենի լեզվով։

Ես ցավելով մտաբերեցի Կտուց անապատի եկեղեցու մթին և խոնավ ավանդատունը, որի մեջ փոշու տակ ծածկված և մի անկյունում հատակի վրա թափված գտանք ամենահազվագյուտ օրինակները նախնի մատենագրության։

Ի՞նչ համեմատություն այնտեղ և այստեղ…

— Գրքերի ցուցակ ունե՞ք, հայրիկ,— հարցրեց Ասլանը։

— Ունենք,— պատասխանեց նա, դուրս բերելով մի գիրք, որ պահված էր պահարաններից մեկում։— Մենք դեռ չենք տպում այդ ցուցակը, որովհետև աշխատում ենք հետզհետե ավելացնել գրչագրերի թիվը։

Ասլանը նստեց գրասեղանի մոտ, սկսեց թերթել ցուցակը։

— Դարձյալ բավական գրչագրեր ունեք,— ասաց նա։— Դուք մեծ բարերարություն արած կլինեք, Հայրիկ, եթե կաշխատեք այս կողմերի բոլոր վանքերից ազատել գրչագրերը և այստեղ հավաքել։— Եվ նա պատմեց, թե իր այցելության ժամանակ Կտուց անապատը ինչ ցավալի գրության մեջ գտավ այդ վանքի գրքերը։

— Բոլոր վանքերում միևնույնը կտեսնեք,— պատասխանեց