Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրիկը։— Բայց եթե գիտենայիք, թե ո՞րքան դժվարությունների, ո՞րքան անախորժությունների եմ հանդիպել, մինչև կարողացել եմ հավաքել այդ գրքերը։ Մեր վանահայրերը ավելի շուտով հոժարվում են, որ իրանց վանքերում գտնված գրքերը անխնամ դրության մեջ փտեն, ոչնչանան, քան թե տան, որ մի ապահով տեղում պահվեն։ Իսկ ռամիկ ժողովուրդը բոլորովին այլ կերպով է վարվում, նա իր ձեռքն ընկած գրչագիրը տանում է և մեծ երկյուղածությամբ թաղում է հողի տակ, ինչպես թաղում է նա իր սիրելի որդուն։

Ասլանը շարունակում էր թերթել ցուցակը։

— Այդ անում են և եկեղեցականները, — ասաց նա, ևս լսել եմ, թե ինչպես մի վանքում կատարել էին մի հանդիսավոր թաղում բոլոր ցեցակեր գրքերի։

— Ես գիտեմ մի այլ, ավելի ցավալի կորուստ,— ասաց հայրիկը տխուր ձայնով և պատմեց հետևյալ անցքը.

Մի անապատում, որ հայոց ծովակներից մեկի կղզում է գրանցվում, հանկարծ միաբանությունը լսում է, որ կաթողիկոսը գալիս է վանքը և, որպեսզի նորին վեհափառությունը վանքի գրքերը իրանց ողորմելի դրության մեջ չտեսնե, հավաքում են բոլորը, լցնում են կթոցների մեջ և թափում են ծովը։ Երբ նորին վեհափառության նավակը մոտենում է կղզուն, նա նկատում է, որ մագաղաթի թերթիկները ջրի երեսին լողում են։ Ալիքները նրանցից մեկը բերում են և խփում են վեհափառի նավակի կողքին։ Նա ձեռքը մեկնում է և վեր է առնում դժբախտ թերթը։ Պատահմամբ դա լինում է Խորենացու գրքի հենց այն կտորը, որտեղ գրված է լինում նրա սգավոր ողբը, որի մեջ նա այնքան դառն կերպով նկարագրում է իր ժամանակի եկեղեցականների անպիտանությունները։ Վեհափառի հանդեպ, նավակի մեջ, նստած է լինում կղզու վանահայրը, որ դուրս էր եկել ցամաքը նրան ընդունելու։ Վեհափառը տալիս է նրան կարդալու սգավոր ողբի հետևյալ տողերը— «վարդապետը տխմարք» և այլն։

— Այդ պատմությունը որքան հետաքրքիր, այնքան և տխուր է,— ասաց Ասլանը։— Բայց ես լսել եմ, որ ձեր կաթողիկոսներից մեկը նույնպես աղատ չէ եղել մի այդ տեսակ մեղքից. նա իր նախորդների հիշատակները ոչնչացնելու համար, այրել է տվել նրանց գործերի բոլոր ատենական թղթերը։ Բայց ես շատ ուրախ եղա, որ ձեր ցուցակի մեջ գտա, բացի գրքերի անուններից, և մի ամբողջ շարք զանազան կոնդակների, զանազան հրովարտակների,