Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավազաններ, հնամաշ գորգերի կտորներ, կաթողիկոսական հողաթափեր և այլ իրեղեններ, որոնք ամենահին ժամանակներում բերվել էին Հնդկաստանից, Չինաստանից, Սպահանից կամ այլ հեռավոր երկրներից, որտեղ եղել են հայոց վաճառականներ։

Հետո Հայրիկը ցույց տվեց իր դպրոցը, որ գտնվում էր վանքի շինվածքների մի առանձին բաժնում։ Ես մինչև այսօր տեսած էի երկու դպրոցներ միայն, մեկը տեր Թոդիկի դպրոցը, այն սարսափելի դժոխքը, որի աշակերտը լինելու դժբախտությունն էի ունեցել, մյուսը՝ Սիմոն պատվելիի դպրոցը, որ տեսա Վանա մեջ, և որը իր կազմակերպությամբ շատ չէր զանազանվում առաջինից։ Այդ երկու հիմնարկություներից մեկը Պարսկաստանի, մյուսը Տաճկաստանի հայոց մանկավարժության կատարելատիպն էր, և գրեթե երկուսն էլ սահմանված էին մանուկներին բթացնելու, և թե՛ բարոյապես, թե՛ մտավորապես սպանելու համար։ Այդ դպրոցներից հետո, Հայրիկի դպրոցը, տարակույս չկա, որ աշխարհի յոթն հրաշալիքներից մեկն էր երևում ինձ։ Եվ իրավ, նա իր տեսակի մեջ առաջին օրինակն էր այդ երկրում, և գուցե այդ էր պատճառը, որ իբրև նորություն, ենթարկվել էր այնքան հալածանքների։ Ես, իհարկե, չէի կարող քննել նրա ներքին, ուսումնական կազմակերպությունը, նրա ծրագիրը,— ինձ գրավում էր նրա արտաքինը միայն։ Այստեղ առաջին անգամ տեսա, որ աշակերտները դասավորած էին կարգով նստարանների վրա, և ոչ թե, որպես տեր Թոդիկի դպրոցում, խառնիխուռն նստած էին հատակի վրա, իրանց տակին փռած ունենալով մի կտոր հասիր կամ այծի մորթի, որ բերում էին իրանց տներից։ Այստեղ առաջին անգամ տեսա, որ աշակերտները դասավորած էին զանազան դասատներում, և յուրաքանչյուր դասատան մեջ վարժապետը պարապում էր բոլորի հետ միասին։ Բայց տեր Թոդիկի դպրոցում, առանց ուշադրություն դարձնելու նրանց հասակի և ուսման աստիճանի վրա, բոլոր աշակերտներին անխտիր ածել էին մեկ սենյակում, ինչպես ոչխարներին ածում են մեկ գոմի մեջ, և վարժապետը պարապում էր յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին,— մեկը վայելչագրությամբ էր զբաղված, մյուսը ընթերցանությամբ, երրորդը վարժապետի կոշիկներն էր մաքրում, մի խոսքով, որքան աշակերտներ կային, նույն թվով և բաժանմունքներ կային նույն դասատան մեջ։ Այստեղ առաջին անգամ տեսա սև գրատախտակը, որի վրա կավիճով էին գրում։ Առաջին անգամ տեսա, որ աշակերտներին սովորեցնում էին առանց փայտի ու ծեծի։ Այստեղ