Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆալախկա, ճիպոտներ, խրատելու քանոն և դրանց նման պատժական գործիքներ չկային։

Բոլոր դասատները այցելելուց հետո, Հայրիկը մեզ տարավ մի դահլիճ, որտեղ ես տեսա զանազան հանքային վեմեր, չորացած միջատներ, գույնզգույն թիթեռներ և ամենամանր պողոճներ։ Միևնույն դահլիճում կային զանազան բույսեր ու ծաղիկներ, այնպես լավ չորացած, որ բնավ չէին կորցրել իրանց ձևը կամ գեղեցկությունը։ Կային և մի քանի թռչունների պաճուճապատաններ, որոնք ինձ այնպես էին թվում, որ կարծես թե կենդանի լինեին։

— Այդ բոլորը մեր աշակերտների հավաքածուն է, պարոն բժշկապետ,— ասաց Հայրիկը այնպիսի հրճվանքով, որ կարծես ինքն ևս ուրախանում էր իր սաների առաջին երեխայրիքի վրա։— Նրանք երբեմն իրանց վարժապետների հետ փոքրիկ արշավանքներ են կատարում մեր շրջակա լեռների վրա, և բնության մեջ ծանոթանում են բնության հետ։

— Դա հառաջադիմության մի մեծ քայլ պետք է համարել, Հայրիկ,— ասաց Ասլանը,— որ այստեղ, փոխանակ աշակերտներին զբաղեցնելու աստվածաբանական մթին խնդիրներով, սովորեցնում են բնական գիտություններ։

— Իմ համոզմունքն այն է, պարոն բժշկապետ,— ասաց Հայրիկը,— որ մեր մանուկների կրթության հետ պետք է կապված լինի և այն նպատակը, որ նրանք, բացի լավ քրիստոնյա լինելուց, դառնան և արհեստավորներ և լավ հողագործներ։ Մեր ժողովուրդը աղքատ է և սոված, նա հաց է պահանջում, պետք է ուսումը միջոց տա նրան իր ապրուստը հայթայթելու։ Եվ հենց այդ նպատակով՝ ես միացրի այդ դպրոցի հետ և երկրագործական բաժին, իսկ եթե կհաջողվի ինձ, ժամանակով կավելացնեմ և մի արհեստանոց։ Իմ վանքի սուրբերը խիստ բարի են և ներողամիտ, նրանք չեն ձանձրանա սղոցի, խարտոցի և մուրճի ձայնից։— Այդ ասելով, ավելացրեց նա,— իմ նպատակն այն չէ թե պետք է բոլորովին զանց առնել հոգևոր կրթությունը, այլ, ընդհակառակը, պետք է ավելի մեծ հոգ տանել նրա մասին։— Եվ այդ խնդրի վրա երկար խոսելով, նա իր միտքը բացատրում էր նրանով, թե գաղթականությունը դեպի օտար երկրներ, բացի բազմաթիվ կորստաբեր հետևանքներից, տվեց և մի անբուժելի բարոյական հարված Վասպուրականի ժողովրդին. հայոց պանդուխտները, օտար երկրներում թափառելով, օտար երկրներից տեղափոխեցին իրանց դեռ կուսական դրության մեջ մնացած հայրենիքը՝