Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգալի է լինում, որովհետև որքան ավելանում է մարդու մտավոր զարգացումը, այնքան ավելանում են և նրա կենսական պահանջները։ Ռամիկը մի կտոր ցամաք հացով գոհ է մնում, բայց երբ այբ ու բենը մտցրիր նրա գլխում, նա կհասկանա, որ միսը ավելի սնունդ է տալիս։ Եվ սև կլինի նրա օրը, եթե միս գտնել չկարողանա։

Ես զարմանում էի այդ եկեղեցականի դատողությունների վրա. նա բոլորովին հակառակն էր ասում, ինչ որ խոսում էին մյուս եկեղեցականները. նա չէր քարոզում աշխարհի ունայնությունը, նա չէր պախարակում կյանքի վայելչությունները, պնդելով, թե մարմինը զրկելով, մարդիկ ավելի մոտենում են երկնքին, ուր պետք է սպասել իսկական երջանկությունը։

— Այո՛,— ավելացրեց Ասլանը,— ուսումը պետք է լինի միջոց կյանքի իրական պահանջները հայթայթելու համար։ Ասացեք, խնդրեմ, Հայրիկ, ո՞րն է ձեր կարծիքով ժողովրդի այժմյան ամենաանհրաժեշտ պահանջը, կամ, այլ խոսքով, ինչո՞ւմն է նրա գլխավոր հիվանդությունը, որը շուտափույթ բժշկության կարոտ է։

Կարծես տխրության մի ամպ անցավ Հայրիկի պայծառ դեմքի վրա և նրա գույնը մռայլվեցավ։

— Մեր ժողովրդի հիվանդությունը,— ասաց նա,— այնքան բազմատեսակ է և բաղադրյալ, որ անկարելի է մի քանի խոսքով բացատրել, պարոն բժշկապետ։ Բայց ձեզ, որպես բժշկի, ավելի հասկանալի պետք է լինի, երբ հիվանդությունները բաղադրյալ են, այդ դեպքում, գտնում են ամենագլխավորը, որ մահ է սպառնում հիվանդի կյանքին, և նրանից են սկսում բժշկությունը։

— Այդ իրավ է։ Բայց ո՞րն է գլխավոր հիվանդությունը։

— Իմ կարծիքով գաղթականությունը։

Եվ նա սկսեց երկար խոսել այդ առարկայի վրա, բացատրելով այն միտքը, թե հային պետք է հնար տալ, որ կարողանա ապահովել իր ապրուստը հայրենի հողի վրա, և ստիպված չլինի օտար երկրներում հաց որոնել։

— Ես հասկանում եմ, երբ եվրոպացին գաղթում է,— ասաց նա։— Նրա երկիրը այնքան նեղ է, մարդիկը այնքան բազմացել են, որ հողը չէ բավականանում: Իսկ մեզ մոտ՝ հողը ընդարձակ է, բայց մարդիկ նրանից օգուտ քաղել չեն կարողանում։

— Ուրեմն ինչի՞ց է հառաջ գալիս գաղթականությունը։

— Շատ և շատ պատճառներից. նրանից, որ երկրագործությունը դեռ իր նահապետական դրության մեջն է, նրանից, որ