Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրտերը, մարդկանց մտքերը, և նրանց ուղղություն է տալիս...

Ասլանը վերջացրել էր նամակները նա այժմ սկսել էր կնքել ծրարները։ Ճրագի լույսը խիստ աղոտ կերպով լուսավորում էր նրա գունաթափ դեմքը։ Նա հագած ուներ մի տեսակ գիշերային խալաթ, և սենյակում տիրող տոթի պատճառով կոճակները թողել էր արձակ։ Շապկի կիսաբաց օձիքից երբեմն երևում էր նրա մերկ կուրծքը։ Այն լայն, զորավոր կուրծքի վրան նշմարում էի ես մի ընդարձակ սպի, որը, շատ հավանական էր, ստացվել էր հրացան գործիքից։ Ես մի առանձին ուշադրությամբ նայում էի այն նշանի վրա։ Չգիտեմ, ինչո՞ւ վերքը, սպին միշտ իմ մեջ հետաքրքրություն էր զարթեցնում։ Երևի նրա համար, որ նա պարունակում էր իր մեջ մարդու կյանքի մի նշանավոր արկածի հիշատակները։ Գուցե այդ էր պատճառը, երբ նա ծրարները կողպեց պահարանի մեջ, որ առավոտյան հանձնե թղթատարին, և երբ մտավ իր համար պատրաստած անկողինը, ես մտածեցի գոհացնել իմ հետաքրքրությունը։ Բայց Ասլանը տարօրինակ բնավորություններից մեկն էր։ Երբեմն նա այնքան քաղցր էր, որ կարծես թե շրթունքներից մեղր էր կաթում, իսկ երբեմն այն աստիճան ժանտ էր, որ կկարծեիր, թե աչքերից, երեսից լեղի էր թափում։ Այդ րոպեներում լավ էր չխոսել նրա հետ։ Բայց ես համբերել չկարողացա և համարձակվեցա հարցնել, թե այն ի՞նչ վերքի նշան է, որ երևում է նրա կուրծքի վրա։

— Ինչո՞ւ ես հարցնում,— մաղձոտ կերպով կտրեց իմ խոսքը։

— Այնպես... ուզում եմ իմանալ...

— Դրանից ի՞նչ օգուտ քեզ։

Ես լուռ կացա։ Նա նկատեց, որ ես վշտացա, ավելի մեղմ կերպով ասաց ինձ.

— Ոչ ոք իրավունք չունի ուրիշի գաղտնիքների մեջ մտնել։ Եթե դու հարցնեիր, թե ի՞նչպես է կազմված իմ կուրծքը, ո՞ր կողմումն է գտնվում իմ սիրտը և ինչ պաշտոն է կատարում, կամ որպես են դասավորված իմ թոքերը,— ես բոլորը կբացատրեի քեզ, որովհետև դրանից մի բան կսովորեիր։ Բայց գիտենալ իմ կուրծքի վրա մի ծվատած տեղի պատմությունը, դա, կարծեմ, մի աոանձին օգուտ չի բերի քեզ։ Ես ավելի վիրավորվեցա, ասելով.

— Դու միշտ համարել ես ինձ մի երեխա, մի հիմար և տգետ երեխա, որի հետ, բացի կատակներից, ուրիշ բան չէ կարելի խոսել։

— Ես կատակ չեմ անում։ Բայց դու այնքան խելացի էլ չես, որքան կարծում ես . . .