Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա մտել էր նաև անապատական աբեղաների միաբանության մեջ, բայց ոչ մի տեղում իր ուսումնասիրությանը չէր կարողացել հագուրդ տալ։ Նա մտել էր մինչև անգամ մի եզվիտական դպրոց և շուտով թողել էր։ Նա կենակցություն էր ունեցել Դամասկոսի շեյխերի և Լիբանանի ռաբբիների հետ։ Նրա մոլաշրջիկ կյանքը և ամեն տեղ իր որոնածը չգտնելը ծնեցրին նրա մեջ մի տեսակ թերահավատություն դեպի ամեն ինչ։ Եվ այլ կերպ լինել կարող չէր։ Նրան չհաջողվեցավ հասնել այն աղբյուրներին, որտեղից մաքուր ու պարզ բխում է ճշմարտությունը։ Նրա ժամանակում կանոնավոր դպրոցներ չկային, այլ կային միայն անհատներ, որոնք իրանց չքավոր գիտությանը այնքան մեծ նշանակություն էին տալիս և այնքան թանկ գնով էին վաճառում, որպես մի քուրմ իր սրբությունը։ Դրանց մոտ պետք էր շատ տարիներ սպասավորել և նրանց բոլոր հաճույքը կատարել, մինչև նրանք արժան կհամարեին մի փոքր մասն տալ իրանց գիտությունից։

Բայց տեր Եղիշեն առողջ դատողության տեր մարդ էր։ Երկարամյա փորձերը, ամեն տեսակ անձանց հետ շփվիլը՝ առաջ էին բերել նրա մեջ բոլորովին ինքնուրույն համոզմունքներ, և նրա բոլոր գաղափարները, թեև ըստ մեծի մասին անճիշտ, բայց իր սեփական մտածության արդյունք էին։ Վերադառնալով իր հայրենիքը, Վան, նա հանդիպեց Հայրիկին, որի հետ իսկույն բարեկամացավ և որի ազդեցության ներքո բոլորովին ուրիշ ուղղություն ստացավ։ Այստեղ նա վճռեց իրան նվիրել մանուկների կրթության գործին, և մտածելով, որ իբրև կրոնավոր, ավելի հեշտ կլինի իրան գործել ժողովրդի մեջ, ձեռնադրվեցավ քահանա։ Որպես քահանա, նա հրաժարվեցավ ծուխից, հրաժարվեցավ և այն արդյունքներից, որ յուրաքանչյուր քահանա ստանում է իր ծուխից։ Այդ արեց նա այն մտքով, որ փոքր-ինչ անկախ դիրք ստանա, և մանավանդ, որ ընդհարումներ չունենա մյուս եկեղեցականների հետ, որը անխուսափելի է դառնում, երբ մեջտեղում շահերի խնդիր կա։ Նա բավականացավ մի փոքրիկ օրիորդական դպրոցով, որ պահում էր իր տան մեջ։ Այս առաջին օրիորդական դպրոցն էր, որ բացվեցավ Վանա մեջ, բայց որպես առաջինը և որպես մի նոր և անսովոր հիմնարկություն, նրա կյանքը կարճատև եղավ։ Սկզբում նույնիսկ քահանաներն եղան, որ գրգրռեցին հասարակության տգիտությունը նրա դեմ, ցույց տալով ուսումը աղջկանց համար՝ մի անբարոյականացնող ձեռնարկություն։ Քաղաքի սրբազան առաջնորդը, որ կարող էր խաղաղացնել