Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնուհետև կտրվում են նրա բոլոր հարաբերությունները իր ազգակիցների հետ և այլևս իրան հայ կոչել չէ կարող։ Մի հայի պատահելիս՝ նա իրավունք չունի հայերեն խոսել. նա զրկվում է մինչև անգամ իր ծնողների տունը գնալուց․ և «հայ» անունը նրա բերանում այնուհետև փոխվում է «գավուր» անունով, որից պետք է խորշիլ, որին պետք է պիղծ համարել։ Բայց տեր հոր քույրը այդ մասին մի գեղեցիկ բացառություն էր կազմում․ նա մնացել էր հավատարիմ թե՛ իր ազգին և թե՛ կրոնին, թեև ամենայն զգուշությամբ մահմեդականներից թաքցնում էր իր զգացմունքները։ Նա սիրում էր իր եղբորը և երբեմն գաղտնի կերպով գալիս էր նրա տունը, ուրախանում էր նրա երեխաներով, և փառք էր տալիս աստծուն, որ իր հոր տան օջախը իսպառ մարած չէր։

Թելլի֊խաթունը,— այդպես էին կոչում այժմ նրան,— քաղաքի ոստիկանության գլխավորի կինն էր։ Նրա ամուսինը կոչվում էր Լաթիֆ-բեկ։ Դա այն չարագործների տեսակիցն էր, որոնց ոստիկանի պաշտոնը բավական ընդարձակ հարմարություններ է ընծայում, իրանց անբարոյական ցանկությունները կատարելու։ Գողերի գաղտնի ընկեր էր նա, ավազակների պաշտպան, սպանությունների մասնակից, մի խոսքով, հազիվ թե քաղաքում մի որևիցե անիրավություն գործվեր և նրա մատը խառն չլիներ։ Բայց միևնույն ժամանակ նահանգապետ փաշայի սիրելին էր նա։

Իսկ տիկինը այնքան բարոյական ուժ ուներ, որ իր քաղցր բնավորությամբ, խելքով ու շնորհքով, եթե ոչ բոլորովին կարողացել էր զսպել այդ գազանին, բայց շատ անգամ հաջողվում էր նրան՝ մեղմացնել իր ամուսնու բարբարոսությունները։ Նա միևնույն ժամանակ սիրելի էր իր ամուսնուն։ «Ի՞նչ անեմ․․․ սովորել եմ... եթե այն հացը, որ ուտում եմ, հառամ չլինի, չեմ կարող մարսել»,— այդ էր լինում ոստիկանի պատասխանը, երբ տիկինը խրատում էր նրան։ Նրա տան մեջ շատ անգամ կատարվում էին եղեռնական խորհուրդներ մեկին սպանելու, մյուսին կողոպտելու, երրորդի տանը կրակ տալու և այդ տեսակ խորհուրդներ ըստ մեծի մասին վերաբերում էին քրիստոնյաներին։ Եթե տիկինը չէր կարողանում խափանել չարությունը, այն ժամանակ նա, իրան բոլորովին անհայտության մեջ պահելով, զգուշացնում էր, որտեղ որ հարկն էր, և չարիքի առաջն առնում էր։ Այդպես, երբ որ նա հայտնի կերպով անկարող էր ներգործել, դիմում էր գաղտնի միջոցների։