Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա թշվառ էր, նա անբախտ ամուսին էր: Բռնությամբ հափշտակեցին նրան հայրենի տնակից, բռնությամբ ստիպեցին նրան ուրանալ իր կրոնը, իր ազգը,— նա սովորեց ատել բռնությունը, և նրա վշտացած սրտում զարգացավ մի խուլ բողոք դեպի ամեն չարություն։ Իր թշվառության գիտակցությունը ծնեց նրա մեջ կարեկցություն և դեպի օտարի թշվառությունը։ Մասնավոր, անձնական զգացմունքը ընդարձակ կերպարանք ստացավ և տարածվեցավ իր ազգայինների վրա, որոնք միևնույն տառապանքների մեջն էին։ Այն եղեռնական տեսարանները, որոնք շատ անգամ հանդիսանում էին նրա տան մեջ, այն անիրավությունները, որոնք համարյա ամեն օր կատարվում էին իր շուրջը, ավելի և ավելի բորբոքում էին նրա դառն ատելությունը դեպի այն ազգը և դեպի այն կառավարությունը, որ այդ բոլորը մեքենայում էր։ Ես վաղուց կթողնեի այդ տունը, ես շուտով կհեռանայի այդ գազանների որջից,— երբեմն ասում էր նա իր եղբորը,— թայց համբերեցի և մնացի, որ որքան կարող եմ, օգնեմ թշվառներին։ ... Նա իրան զոհել էր, ուրիշ զոհեր պաշտպանելու համար։ — Այդ էր միայն մխիթարում նրան։

Ես հետո ավելի մոտ ծանոթություն ունեցա այդ տիկնոջ հետ, այն ժամանակ միայն նկատեցի, որ նրա աշխատությունները՝ դարման տանելու իր ազգայինների թշվառություններին՝ չէին սահմանափակվում միայն այսպիսի մասնավոր օգնություններով, նրա նպատակները շատ ընդարձակ էին, նա ուներ բավականին հիմնավոր գաղափարներ՝ տիրող չարիքը բառնալու համար։ Այդ գաղափարները զարգացել էին նրա մեջ մասամբ իր անբախտ և ճնշյալ դրությունից, իսկ առավելապես եղբոր ազդեցությունից։ Նրա հարաբերությունները Ասլանի հետ, որպես երևում էր, նոր չէր։ Այդ ես նկատեցի իսկույն, երբ նա եղբոր հետ ներս մտավ մեր սենյակը։ Նա մոտեցավ և մի տարապայման համարձակությամբ, որ խիստ օտարոտի էր հարեմի կնոջ համար, նստեց Ասլանի մոտ և, նրա աջը առնելով իր ձեռքերի մեջ, ժպտալով ասաց.

— Ախ, որքան ցանկանում էի քեզ տեսնել..․ ո՞ւր էիր, ինչ ես այդքան թափառում այդ վանքերում...

— Վանքերն էլ պետք է տեսնել,— ասաց Ասլանը նույնպես ժպտալով,— մեր ժողովուրդը դեռ չէ ազատվել վանքերից...

— Բայց քո դեմ որոգայթներ են լարվում, գիտե՞ս։

— Գիտեմ... և հենց դրա համար ուզում էի տեսնել քեզ։

— Դու մատնված ես...