Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու հիշում ես, ընթերցող, տիրամոր վանքի տոնախմբության Ժամանակ, այն խաղաղ խորհրդավոր գիշերը, երբ ես և գեղեցիկ Մարոն, նստած նրանց վրանի մուտքի հանդեպ, քաղցր խոսակցության մեջ էինք։ Ուխտավորների ընդարձակ բանակի մեջ տիրում էր խորին լռություն։ Հանկարծ հեռվից լսելի եղավ երգեցողության մի հիանալի ձայն։ «Այդ ճգնավորի ձայնն է», ասաց Մարոն։ Ես «ճգնավորին» ցերեկով տեսել էի Կաթնաղբյուրի ձորում, իսկ նույն գիշերը, փոքր-ինչ առաջ, ես տեսա նրան իմ քեռի Պետրոսի վրանում, նրա և տեր Թոդիկի հետ խոսելիս։ Ի՞նչ խորհուրդ ունեին, ես չգիտեմ, որովհետև ես շուտով թողի և հեռացա նրանց մոտից։ Երբ Մարոն ասաց ինձ՝ «ճգնավորի ձայնն է», ես հետաքրքրվեցա այդ խորհրդավոր ճգնավորով, և ավելի մեծ եղավ իմ զարմանքը, երբ Մարոն հայտնեց ինձ, որ նա Ասլանն է։ Հետո մենք սկսեցինք երկար խոսել ծպտյալ Ասլանի վրա, որ լեռնային ճգնավորի կերպարանքով թափառում էր վանքի շրջակայքում և ուխտավորների բանակի մեջ։ Բայց մենք այնքան անզգույշ էինք, որ ամենևին չէինք մտածում, որ վրանի միջից երկու սուր ականջներ լսում էին մեր խոսակցությունը։ Դա պառավ Խաթունն էր, որին քնած էինք կարծում։ Դու հիշո՞ւմ ես, ընթերցող, այն սոսկալի սպառնալիքները, որ զայրացած Մարոն կարգում էր իմ քեռի Պետրոսի, տեր Թոդիկի և նրանց համախոհների մասին։ Դու և այն մոռացած չես լինի, որ հետո ես և Մարոն գիշերով գնացինք ծպտյալ ճգնավորի-Ասլանի մոտ, գտանք նրան ծովեզերքում մի այրի մեջ, և մինչև առավոտ մնացինք այնտեղ։ Այդ բոլորը լցնում են պառավ Խաթունի միամիտ գլուխը զանազան կասկածներով, որը, առանց դրանց ևս, իմ և Մարոյի հարաբերությունների վրա միշտ ծուռն աչքով էր նայում։ Խաթունը մոլեռանդ է. դա այն հավատավոր կանանցից մեկն է, որ կարծում են թե ամեն բան պետք է ասել տերտերին։ Իսկ այդ դեպքում, նա ավելի պատճառներ ուներ հայտնելու տեր Թոդիկին բոլորը, ինչ որ լսել էր նա մեր այն գիշերվա խոսակցությունից։ Ասում եմ, պատճառներ ուներ, որովհետև Մարոյի անխոհեմ սպառնալիքները վերաբերում էին ըստ մեծի մասին տեր Թոդիկին, և հավատավոր պառավը պարտք էր համարել զգուշացնել քահանային, Տեր Թոդիկը, ինչպես հայտնի է, այն տեսակ անձինքներից է, որ սև ջրից սեր կքաղեն», այսինքն, ամենաչնչին բանից օգուտ քաղել գիտե։ Իսկ պառավը հայտնել էր նրան շատ բան։ Նա թափ էր տվել պառավի միամիտ գլխից բոլորը, ինչ որ հայտնի էր որսորդի