հառաջ չեն բերել հայերի մեջ այն միությունը, որ կա հրեաների մեջ, քանի որ այդ երկու ազգերի դրությունը շատ նման է միմյանց։ Տեսնում ես, Աղվանիստանի, Բելուջիստանի կամ Բուխարայի խորքերում մի քանի տուն հրեաներ, նրանք դարերով ապրում են այնտեղ և օր ըստ օրե աճում են, բազմանում են, որովհետև շատ սերտ կերպով միացած են միմյանց հետ։ Բայց հայ գաղթականները, մինը մյուսին ոչնչացնելով, վերջապես սպառվում են։ Որտեղ երկու տուն հայեր կան, նրանց մեջ չորս կուսակցություն կա։ Անմիաբանությունը վաղեմի ժամանակներից մեր ազգի կյանքի մեջ այն ուտող, մաշող ցեցն է եղել, որ ժառանգաբար անցել է մեզ, և որ սպառել է ազգային մարմինը։ Մեր պատմության մեջ կարող եք տեսնել հազարավոր օրինակներ, մանավանդ այն դարերում, երբ պարսիկները, հույները, արաբացիները, սելջուկները և մոնղոլական զանազան ցեղեր կրակով և արյունով ոչնչացնում էին Հայաստանը։ Նրանց առաջնորդները միշտ եղել են իրանք հայերը, և միշտ հայերից միացած են եղել թշնամու հետ։ Այժմ հասկացա՞ր, սիրելի քույր, թե ինչի՞ց են հառաջ գալիս այս մատնությունները, որ քեզ այսպես խռովեցնում են։
– Բայց մի՞թե օտարի լուծը ավելի քաղցր է,– հարցրեց տիկինը վշտացած ձայնով։
– Այո՛, հայը սիրում է օտարի լուծը։ Մեր պապերը չէի՞ն, որ դիմեցին պարսից Վռամ արքային և նրանից խնդրում էին, որ հայ թագավորը վեր առնե և նրա տեղը պարսից մարզպան դնե, և այսպիսով կործանեցին Արշակունյաց հզոր պետությունը։ Դարձյալ մեր պապերը չէի՞ն, որ Անիի բանալիները ուղարկեցին հունաց կայսրին և իրանց ձեռքով Բագրատունյաց թագավորության հիմքը փորեցին։ Եվ մեր Վասպուրականը, որ մի ժամանակ հայոց առանձին թագավորություն էր, Արծրունի Սենեքերիմ թագավորն իր հաճությամբ հանձնեց հույներին և Սեբաստիայում սկսեց խաղաղ կյանք վարել։ Եվ այդ բոլորը գործողը ո՞վքեր էին, ժողովրդի իշխանները և նրա հոգևոր գլուխը՝ կաթողիկոսը։ Այժմ շատ զարմանալի չէ, որ մի անպիտան վարդապետ և մի քանի շահամոլ իշխաններ դավ են դնում մի քանի երիտասարդների դեմ, որոնց նպատակը շատ բարի է և համեստ, որոնք, բացի ժողովրդի հանգստությունը, ուրիշ բանի չեն ձգտում։
– Բոլորովին ուղիղ է,– պատասխանեց տիկինը,– ես մեր պատմությունը չեմ կարդացել, բայց իմ աչքով տեսել եմ, թե ինչպես շատ անգամ հայերն իրանք եկել են իմ ամուսնու մոտ և միմյանց