Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա մատնություններ են արել: Շատ անգամ նույնը նկատել եմ և փաշայի տան մեջ։ Թուրքերի մեջ արդեն առած է դարձել ասել՝ թե «գավուրների գլուխները չեն միանա», որ կնշանակե, թե հայերի մեջ միաբանություն չէ կարող կազմվել։ Ցավալի է մի այսպիսի կարծիքը, և ավելի ցավալի է, որ նա ուղիղ է…

Տեր հայրը մի առանձին ուշադրությամբ լսում էր քրոջ խոսքերը և կարծես ուրախանում էր նրա դատողությունների վրա։

– Ես շատ հետաքրքիր եմ եղել ուսումնասիրել մեր ժողովրդի բնավորությունը,– ասաց նա,– բայց մինչև այսօր շատ բաներ մնացել են ինձ անհասկանալի։ Օրինակ, հայը ոխերիմ է, մատնիչ է, վրեժխնդիր է այն անարգանքի դեմ, որ նա կրում է մի այլ հայից։ Բայց եթե նույն անարգանքը նա ստանում է տաճիկից, քուրդից, մի խոսքով՝ օտարից, նա ամենայն խոնարհությամբ համբերում է։ Դա, իմ կարծիքով, հառաջ չէ՛ գալիս այն հանգամանքներից, թե հայը տաճկի և քուրդի առջև թույլ է և չէ կարող նրանցից պատիվ պահանջել։ Այլ ավելի հառաջ է գալիս այն օտարամոլ նախապաշարմունքից, որ հայը տաճկի և քուրդի մեջ մի առանձին իրավունք է ճանաչում՝ իր հետ ամեն կերպ վարվելու։ Եվ այսպես, ոչ միայն պատվի զգացմունքը, այլ հայի բոլոր պահանջումները՝ օտարի և իր ազզակցի վերաբերությամբ՝ միատեսակ չեն։

Տեր հոր խոսելու միջոցին ես նկատեցի նրա քրոջ երեսի վրա խիստ տխուր արտահայտություններ։

– Ես կբերեմ մի ուրիշ օրինակ,– հառաջ տարավ նա,– հայ ծառայողը իր պարտավորությանց մեջ խարդախ է, երբ նա հայի մոտ է ծառայում։ Բայց երբ նա ծառայում է թուրքի մոտ, իր պաշտոնը կատարում է ամենայն հավատարմությամբ։ Նա հավատարիմ է մնում ոչ միայն արդար աշխատությունների մեջ, այլ որքան ցած, որքան խղճի և ազնվության ընդդեմ ևս լինեին իր տիրոջ պահանջները, բոլորը նա ճշտությամբ կատարում է։ Կ. Պոլսի համարյա բոլոր նշանավոր մահմեդական տների սպասավորները հայեր են. նրանք մինչև անգամ խառն են լինում հարեմական գաղտնիքների մեջ, և խաթունների հավատարիմ խորհրդապահներն են դառնում։ Փաշաների գանձապետները հայեր են, և նրանց կաշառակերության խիստ վարպետ հայթայթողներն են լինում։ Թողնենք մասնավորը, անցնենք ընդհանուրին. մի գյուղ, որ բնակեցրած է ամբողջապես հայերով, ավելի բարձր գին ունի, քան թե նույն տարածությամբ և նույն բազմամարդությամբ մի ուրիշ գյուղ, որ մահմեդականներով էր բնակեցրած։ Ինչո՞ւ։ Որովհետև հայը