Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հլու և արդյունավոր հպատակ է։ Նա հլու է, երբ տերն օտարազգի է, բայց ես գիտեմ գյուղացիներ, որ վատ են վարվում իրանց տիրոջ հետ, որովհետև նա հայ էր։ Դա ինչի՞ց է։

Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, պատասխանեց.

– Պատճառը շատ պարզ է։ Մեր ներկան, դուք ինքներդ ասացիք, որ մեր անցյալի շարունակությունն է։ Այդ տխուր երևույթների պատճառները պետք է որոնենք մեր տխուր պատմության մեջ…

Համարյա առավոտյան լուսաբացի մոտ էր, երբ մենք դուրս եկանք տեր հոր տնից և գնացինք մեր բնակարանը, վարպետ Փանոսի տունը։ Դուրս գալու միջոցին Ասլանը խորին շնորհակալությամբ բռնեց տիկնոջ ձեռքը և ասաց.

– Մենք, հույս ունեմ, դարձյալ կտեսնվենք։

– Անպատճառ,– ասաց տիկինը։

– Ո՞րտեղ։

– Ես կգամ քեզ մոտ։

– Դա անհարմար չէ՞ր լինի։

– Ամենևին։


ԺԷ

ՊԱՆԴՈՒԽՏ ՎԱՆԵՑԻՆ

Օրը շաբաթ էր, այն սպասված օրը, որի գիշերը ես ու Ասլանը հրավիրված էինք սրբազան առաջնորդի մոտ։ Ասլանը զբաղված էր ինչ-որ պատրաստություններով, իսկ ես, անգործությունիցս ձանձրացած, չգիտեի ինչ անել։ Առաջնորդի հրավերքը ինձ խիստ հրապուրում էր, բայց մինչև երեկո սպասե՞լ,— այդ շատ և շատ ծանր էր ինձ համար։ Դուրս եկա փողոցը, նստեցի մի հաստաբուն ուռենիի հովանու ներքո, հոսող առվակի ափի մոտ։ Այդ ուռիները ամառնային տոթերի ժամանակ խիստ զով պատսպարան են բնակիչների համար, մանավանդ նրանց, որոնք իրանց բակերում պարտեզներ չունեն։ Ուռենիի ներքո միայնակ նստելը նույնպես ձանձրացրեց ինձ։ Վեր կացա և սկսեցի փողոցի երկարությամբ գնալ դեպի Այգեստանի զանազան կողմերը։

Զարմանալի ինքնուրույնություն է ներկայացնում այստեղ