Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին փողոցի անցուդարձ անողների վրա, քան մի բան էին սովորում: Բայց Սիմոն պատվելիի հոգեառ ճիպոտը ստիպում էր նրանց` աչքերը չհեռացնել գրքից: Այսօր նա զբաղված էր ինչ-որ նախապատրաստությամբ. մի խումբ աշակերտների երգել էր տալիս, իսկ ինքը, նրանց մոտ կանգնած, հանգով շարժում էր ձեռքի ճիպոտը և իր անախորժ ձայնով ուղղում էր եղանակը: Փողոցի անցուդարձ անողներից շատերը, այնտեղ կանգնած, լսում էին: Ես էլ հետաքրքրվեցա և կանգնեցի նրանց մոտ: Պատվելին ճանաչեց ինձ, և մի առանձին պարծենկոտությամբ, դառնալով դեպի ինձ, ասաց.

– Տեսնո՞ւմ ես, ինչպես բլբուլի նման երգում են:

Ես ոչինչ չպատասխանեցի: Նա դարձավ դեպի խմբված մարդիկը.

– Վանեցիք իմ հարգը չեն հասկանում. մինչև այսօր ո՞վ էր տեսել այսպիսի դպրոց: Այնտեղ, Վարագում էլ դպրոց կա, բայց սատանայական բաներ են սովորեցնում և ձեր որդիներին հավատքից հանում են: Այստեղ մի ուրիշ դպրոց էլ բացվեցավ. աղջիկներին էին սովորեցնում. տեսա՞ծ բան է, աղջիկը ո՛ւր, կարդալը ո՛ւր: Աստված հաջողեց, որ շուտով փակվեցավ, թե չէ, ձեր աղջիկները գլխներին ֆես կդնեին և ձեզ կասեին` մենք տղամարդ ենք, իսկ դուք մեր կնիկները, գնացեք թոնիր վառեք, հաց թխեք, կերակուր եփեք, որ մենք ուտենք: – Այդպես չէ՞, ուղիղ չե՞մ ասում:

Շատերը բաժանեցին պատվելիի կարծիքը: Նրա խոսքը տեր Եղիշեի դժբախտ օրիորդական դպրոցի մասին էր, որի կյանքը այնքան կարճատև եղավ: Պատվելին շարունակեց.

– Ախար նա ինքն ի՞նչ էր իմանում, որ ինչ սովորեցներ: Մի անգամ մի բան հարցրի, Զաքարիայի նման պապանձվեցավ, չկարողացավ պատասխան տալ: Ասացի` դե գնա, տերտեր, այսուհետև ինձ ճանաչիր:

Ունկնդիրներից ոմանք սկսեցին թախանձել պատվելիին, թե ի՞նչ էր հարցրել: Նա նրանց հետաքրքրությունը երկար տանջելուց հետո վերջապես ասաց.

– Հարցրի, թե այն ո՞ւմ էշի ծնոտն էր, որով Սամսոնը երեք հարյուր մարդ կոտորեց:

– Այդ շատ դժվար հարց է, – լսելի եղավ ամեն կողմից: – Դուք մեզ չե՞ք ասի: