— Ինչպե՞ս կասեմ: Պոլսում մի կարմիր ոսկի եմ տվել մի վարժապետի, որ այդ ինձ սովորեցրել է, և որքան այդպիսի բաներ գիտեմ, որ Սողոմոն իմաստունն էլ չէ իմացել։ Եթե ես լավ վարժապետ չլինեի, սրբազան առաջնորդը, նորին վսեմությունը, փաշան, ինձ այնքան պատիվ չէին տա։ Տեսնո՞ւմ եք այդ աշակերտներին, որ հիմա երգում էին, այս գիշեր պետք է տանեմ առաջնորդարանը, որ այնտեղ երգեն։ Սրբազանը խնջույք ունի, փաշան էլ այնտեղ կլինի։
Բոլորը զարմացան։ Բայց նրա զզվելի պարծենկոտությունը ինձ բոլորովին վրդովեցրեց, ես հեռացա։ Նա դեռ շարունակում էր խոսել բազմության հետ։
Պատվելիի շարժական դպրոցից մի քանի քայլ հեռու, իր տան դռան հանդեպ, արաղի կաթսան սարքած, այգետերը արաղ էր քաշում։ Այդ կաթսաները պատկանում են առանձին մարդիկների, որոնք վարձով են տալիս և ստանում են քաշած արաղի մի մասը։ Մեծ այգետերերը միայն ունեն սեփական կաթսաներ։ Սիմոն պատվելին երբեմն մոտենում էր այդ կաթսային և, արաղը տաք-տաք իր կոկորդը ածելով, ասում էր.— «Հիմա ավելի թունդ է»։ Կարծես նա մի չափ լիներ, որով այգետերը անդադար փորձում էր արաղի թնդության աստիճանը։ Իմ բռնած փողոցով ավելի ու ավելի առաջ գնալով, ես աննկատելի կերպով դուրս եկա բնակություններից և հայտնվեցա մի արհեստական լճակի մոտ, որի մեջ հավաքվում է աղբյուրների ջուրը և հերթով բաժանվում է այգիները ոռոգելու։ Ամբողջ լճակը, մի հսկայական կաթսայի նման, եփ էր գալիս, փրփրում էր։ Բազմաթիվ գլուխներ հայտնվում էին և դարձյալ սկում ջրի տակ։ Գյուղացի մանկտին լողանում էր։ Մի քանիսը նրանցից, հոգնած, թուլացած, իրանց մարմինը կիսով չափ թաղել էին ափերի խոնավ և սառն ավազների մեջ, որ արեգակը չայրե։ Տղա և աղջիկ լողանում էին միասին։ Դրանք այն պարզ, միամիտ, նահապետական ժողովրդի զավակներն էին, որ միմյանցից չէին ամաչում։ Երբ ես մոտեցա, կարծես մի հորդ անձրև տեղաց իմ վրա։ Չարաճճիները սկսեցին ամեն կողմից ջուր սրսկել, մեկը բերանով, մյուսը ափերով, երրորդը ջրի երեսին լողացող ձմերուկի կեղևներով։ Ես իսկույն հեռացա, բայց կույր հավի նման, ոտքից ցգլուխ թրջված։ Այնպես չէի ուզում տուն վերադառնալ, որ վարպետ Փանոսի աշակերտներն իմ վրա չծիծաղեցնեմ։ Նստեցի մի ծառի տակ, որ հագուստս փոքր-ինչ չորանա։