Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ շուրջը տարածվում էին մշակված դաշտեր. բոստանների մեջ հասունացած սեխը, խարբուզակը աչք էին շլացնում. արտերն արդեն շատ տեղերում քաղված էին և ահագին դեզերով կիտած, գյուղացի երկրագործը մեծ փութով բարձում էր ծանր խուրձերը իր սայլակի վրա, կապում էր կաշյա հաստ ճոպաններով և կրում էր դեպի կալը կալսելոլ համար։ Նրա երգը նույնքան մելամաղձոտ էր, որքան նրա սայլակի տխուր ճռնչոցը։ Երկուսն էլ կարծես հառաչանքներ էին արձակում...

Մյուս կողմից լսելի էր լինում զբոսնող քաղաքացու ուրախ-անհոգ երգը։

Կեսօրից բավական անցել էր։ Ծովից փչում էր սառն քամի և զովացնում էր տոթից տոչորված բուսականությունը։ Ծառերի թառամած տերևները զվարթանում էին, խոտերի կորացած ծղոտները վեր էին բարձրացնում իրանց նվաղած գլուխները, ծաղիկները սկսում էին ժպտալ։ Շրջակայքը ավելի և ավելի կենդանանում էր, զբոսնող բազմությունը զվարճանում էր ամեն կողմում։ Դա օրվա այն ժամն էր, երբ վանեցիք կողպում են իրանց խանութները, խումբ-խումբ դիմում են դեպի դաշտերը, դեպի այգիները և դեպի առվակների եզերքը հովանավորող ծառերը։ Ոմանք միրգ են ուտում։ Շատ տեղերում բացօթյա խարույկները վառվում են, կրակը շիկանում է, խորովածի շամփուրները մխում են, օդր լցվում է ճենճերային անուշահոտությամբ։ Կանաչ խոտերի վրա փռվում են սպիտակ լավաշները, և այդ պարզ սեղանի շուրջը բոլորում է երիտասարդ խումբը, գինու կամ արաղի բաժակները շրջան են առնում, օդի մեռելային լռությունը աղմկում է ուրախաձայն աղաղակներով։ Ինձանից փոքր-ինչ հեռու, խոտերի վրա, նստած էին մի քանի մարդիկ։ Տեսնելով, որ ես մենակ եմ նստած և օտարական եմ, ինձ կանչեցին իրանց մոտ։ Նրանք եկել էին բոստաններում սեխ և խարբուզակ ուտելու։ Վանեցիք սիրում են ամեն պտուղ իր տեղումն ուտել։

Բոստանների մեջ երևում էին փոքրիկ աշտարակաձև շինվածքներ. դրանք բոստանչիների գիշերային պատսպարաններն էին։ Նրանք միշտ գործ ունեին գողերի հետ և նրանց պետք էր մի ամրություն։ Աշտարակի մոտ մխում էր փոքրիկ վառարանը և նրա վրա դրած էր խեցեղեն սև պտույկը։ Նրա մեջ եփվում էր բոստանչու ընթրիքը։ Ա՜խ, որքան քաղցր հիշողություններ էր զարթեցնում իմ մեջ այդ փոքրիկ վառարանը, այդ խեցեղեն պտույկը։ Շատ անգամ էր պատահել ինձ՝ բարի բոստանչու հետ միասին բաժանել