նրա համեստ ընթրիքը, շատ անգամ գնել էի ես նույն տեսակ խեցեղեն պտույկ և խնդրել էի մորս, որ պատրաստե ինձ համար նույն կերակուրը, բայց երբեք այն համը և այն ճաշակը չէր ունեցել։
Բոստանչին, հեռվից նկատելով մեզ, առանց մեր խնդրելու, բերեց մի քանի հատ լավ սեխեր և խարբուզակներ, և գլուխ տալով, դրեց մեր առջև։ Ես տվեցի նրան մի քանի ղուրուշ, որը մեծ դժվարությամբ ընդունեց։ Նրա հեռանալուց հետո, իմ մոտ նստողներից մեկն ասաց.
— Իզուր տվեցիք, նրանք սովորություն չունեն փող վեր առնել. մենք, որ նրա բոստանի մոտ նստած ենք, նրա հյուրն ենք։
— Նա խո մեզ չէ հրավիրել,— պատասխանեցի ես։
— Միևնույն է, այստեղի սովորությունն այդպես է։
Մյուսը ասաց.
— Երբ պետք էր փող վճարել, այդ մեր պարտքն էր տալ, որովհետև մենք հրավիրեցինք ձեզ մեզ մոտ։
Երրորդը նկատեց.
— Դուք չափազանց շատ տվեցիք, պարոն, բերածը մի քանի փարա հազիվ կարժե. այդ պտուղները մեր երկրում խիստ չնչին գին ունեն։
— Ես նրան ընծայեցի,— եղավ իմ պատասխանը։
Նրանք զարմացած նայեցին իմ վրա, թեև իմ ընծայածը նույնպես չնչին բան էր։ Իմ խոսակիցները երեք հոգի էին, որոնցից մեկը մի եկեղեցու երեցփոխան էր, երկրորդը թաղական խորհրդի անդամ էր, իսկ երրորդը մի արհեստավոր։ Երբ ես գնացի նրանց մոտ նստեցի, նրանց խոսակցության առարկան մի անցք էր, որ այնօր կատարվել էր առանջնորդարանում։ Մի գյուղացի կին չէր կամենում իր ամուսնու հետ ապրել և շատ անգամ փախչում էր ծնողների տունը։ Գյուղացին գնում էր, ծեծելով բերում էր, բայց ամեն անգամ նույնն էր պատահում, կինը նրա մոտ մնալ չէր ուզում (պատճառները չպատմեցին ինձ)։ Վերջապես, գյուղացին, անճար մնալով, գալիս է քաղաք, դիմում է առաջնորդարան և գանգատվում է։ Առաջնորդը բերել է տալիս թե՛ կնոջը և թե՛ ամուսնուն։ Դատը վերջանում է այդ կերպով, կնոջը դնում են ամուսնու շալակը, կապում են, հետո, ծառաներին հրամայում են՝ դալար վարոցներով հիսուն զարկ տալ կնոջը։ Երբ ծեծը վերջանում է, ամուսնուն հրամայում են, որ կնոջն այնպես շալակն առած, տանե և հասցնե