Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր տունը։ Ինձ ասացին, որ մինչև տուն հասցնելը, որը բավական հեռու էր քաղաքից, խեղճ կինը գտնվում էր բոլորովին ուշաթափ դրության մեջ, սաստիկ գանահարությունից։

— Աստված վկա, լավ դատաստան է,— ասացի ես հեգնաբար,— ծեծը անհնազանդ կնոջ պատիժը, իսկ ծեծված կնոջը իր կռնակն առած տուն տանելը` անշնորհք ամուսնու պատիժը, որ չէ կարողացել կնոջը զսպել։

Նրանք իմ խոսքերը ճշմարտի տեղ ընդունելով պատասխանեցին.

— Իհարկե, լավ դատաստան է։ Ո՞վ է տեսել, որ կինը բերան բաց անե իր մարդու դեմ, մեկին երկու, երեք պատասխան տա, կամ փախչե իր հոր տունը։ Եթե քո էշը ախոռից փախչե, ի՞նչ կանես։ Իհարկե, կգնաս, ծեծելով կբերես և իր մսուրքի վրա կկանգնեցնես։ Փառավորվի՜ մեր առաջնորդը, նա այդպիսի անզգամների պատիժը լավ գիտե։

— Ուրեմն լավ առաջնորդ է, — ասացի ես։

Եկեղեցու երեցփոխանը, որ մի հաստափոր և հաստագլուխ մարդ էր, և խոսելու ժամանակ աջ կողմի աչքը միշտ խփում էր, պատասխանեց.

— Վանա երկիրը մինչև այսօր այդպիսի առաջնորդ չէ տեսել. փաշայի հետ՝ փաշա է, խանի հետ՝ խան է, իսկ բեկի հետ՝ բեկ է, մի խոսքով, այնպիսի սալթանաթ ունի, որ սուլթանն էլ չունի։ Ամեն անգամ, երբ փաշայի դուռն է գնում, կարծես մի մեծ սարդար լինի, մի խումբ ձիավոր ետևից, մի խումբ ձիավոր առջևից, փողոցներում տեղ չէ մնում, որ անցնեն։ Թուրքերը նայում են, և զարմացած ասում են միմյանց. «տեսնում եք ինչ ջալալ ունի հայերի խալիֆան»: Երբ հասնում են փաշայի դուռը, ծառաները խումբով առաջն են դուրս գալիս, մեկը ձիու սանձն է բռնում, մյուսը ասպանդակն է բռնում, ձեռքերի վրա ձիուց վայր են բերում, և այնպես առոք-փառոք ներս են տանում։ Փաշան ոտքի է կանգնում, ձեռքը բռնում է և նստացնում է նրան իրանից վերև։— Ո՞վ է տեսել այդպիսի փառք, այդպիսի պատիվ։

— Այդ բոլորը շատ գեղեցիկ կլիներ,— ասացի ես,— եթե առաջնորդը իր վայելած պատվից օգուտ քաղեր և դեպի իր ժողովրդի բարին գործ դներ։ Բայց նրա համար ասում են...

— Ի՞նչ են ասում,— պինդ ձայնով հարցրեց երեցփոխանը։

Ես ոչինչ չպատասխանեցի։ Թաղական խորհրդի անդամը, որ բոլոր ժամանակը լուռ էր, խոսեց.