Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կա։ Հայրիկը հոգևոր հայր է, մի՞թե հորից պետք է վախենան որդիքը։

— Իհարկե, պետք է վախենան։ Եթե քո որդիքը քեզանից չվախենան, կարող ես նրանց կարգի ու կանոնի մեջ պահել։

Ինչպես ընտանեկան կյանքի մեջ բռնակալ հայրը երկաթի գավազանով էր իշխում, նույն կառավարության ձևը դրանք սիրում էին տեսնել և հասարակական կյանքի մեջ։ Այդ էր պատճառը, որ երեցփոխանը իր բերած օրինակը՝ հոր և որդիների հարաբերության վերաբերությամբ՝ բավական հաջող գտնելով, և դեպի ինձ դառնալով, ավելացրեց.

— Դուք չեք ճանաչում, թե ինչ տեսակ մարդ է Հայրիկը, պարոն, լսեցեք, այդ տեսակ մարդից ո՞վ կվախենա, կամ ո՞վ բանի տեղ կդնի։ Երբ պատահում է նրան փաշայի դուռը գնալ, միշտ մենակ է գնում, առանց ծառաների, առանց սպասավորների և միշտ ոտով։ Շատերը նրան չեն ճանաչում, և փողոցներից անցնելու ժամանակ՝ ընդհարվում են նրան։ Փաշայի ծառաներից ոչ ոք նրա առջև ոտքի չէ կանգնում, իսկ փաշան խիստ սառն է ընդունում։

— Նրա համար, որ նա միշտ փաշայի կամքին հակառակ է գնում,— ընդմիջեց արհեստավորը։

Փաշայի անունը անդադար հիշվելով, ես ստիպվեցա հարցնել.

— Փաշան ի՞նչ տեսակ մարդ է։

Թաղական խորհրդի անդամը, որպես ավելի պաշտոնական մարդ, պատասխանեց.

— Աստված նրան երկար կյանք տա, երբեք նրա նման լավ փաշա չենք ունեցել։ Այն օրից, որ եկել է, գիտե՞նք, ո՛րքան մարզիկների կախել է տվել, ո՛րքանի ձեռքը, ականջը, քիթը կտրել է տվել, որքանի տունը, տեղը այրել է տվել և ունեցածը գրավել է։ Թրի ծայրից արյուն է կաթում։ Բոլորը սարսափում են, բոլորը դողում են նրանից։

Դարձյալ սարսափ, դարձյա՜լ երկյուղ։ Զարմանալի էակներ են մարդիկ, նրանք սիրում են տեսնել ուժ, մինչև անգամ կոպիտ, անգութ, բարբարոսական ուժ, որի առջև խոնարհվեին, որին պաշտեին։ Ես հավատացած եմ, որ թե՛ թաղական խորհրդի անդամի և թե՛ եկեղեցու երեցփոխանի հայացքները բոլորովին անկեղծ էին։ Նրանք այդպես համոզված էին, թե այլ կերպ լինել կտրող չէր թե մարդիկ պետք է վախենան իրանց իշխանավորից, որ նրան հնազանդվին, լիներ նրա մեջ հոգևոր առաջնորդ կամ մի երկրի