կառավարիչ։ Մինչև անգամ աշխատավոր արհեստավորը, որ մի շատ համակրական մարդ է երևում, լռեց, ոչինչ չպատասխանեց թաղական խորհրդի անդամի վերջին խոսքերին։ Չգիաեմ, գուցե նա զգուշացավ փաշայի դեմ որևիցե աննպաստ կարծիք հայտներ։ Այսուամենայնիվ, ես ավելի հավատացի, որ նրանք խորին համոզմունքից էին խոսում, երբ հարցրի.
— Փաշան մարդկանց խեղդել է տալիս, փաշան մարդկանց տները այրել է տալիս և ունեցածը հափշտակում է,— դրա համար էլ լա՞վ փաշա է։
— Ի՞նչ ասել կուզե,— պատասխանեց այժմ երեցփոխանը։ — Եթե այդպես չանե, նրանից ո՞վ կվախենա, ամենքը գազան կդառնան և միմյանց միսը կուտեն։
— Միևնույն է,— ասացի ես։— Եթե նա ուրիշ գազանների թիվը փոքրացնում է, բայց նրանց կերածը ինքն է ուտում։
Նա ինձ պատասխանեց.
— Լավ է, հարյուր մանր գազանների տեղ մի մեծ գազան կերակրել։
— Եվ նրա փշրանքներից ևս ուտել...
Երեցփոխանը ուղիղ նայեց աչքերիս մեջ։ Չգիտեմ, զարմանում էր նա, թե բարկանում, ի՛նչպես համարձակվեցա մի այդպիսի նկատողություն անել։ Համոզված լինելով, որ դրանք ուժի առջև խոնարհվող մարդիկ են, մտածեցի ինձ ևս ցույց տալ, ասելով.
— Այս գիշեր կտեսնեմ թե՛ ձեր փաշային և թե՛ ձեր առաջնորդին։
— Ներեցեք համարձակությանս, դուք ո՞վ եք,— հարցրեց թաղական խորհրդի անդամը, իսկ երեցփոխանը շվարած մնաց։
— Ես ձեր քաղաքում գտնվող եվրոպացի բժշկի թարգմանն եմ։ Այս գիշեր թե՛ ես և թե՛ իմ պարոնը հրավիրված ենք առաջնորդի մոտ ընթրիքի։ Փաշան էլ այնտեղ կլինի։
Նրանք սկսեցին մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի ինձ։ Մեր վիճաբանությունը ընդհատվեցավ, որովհետև մեր մոտով անցավ Սիմոն պատվելին, իր գեղեցիկ խմբի հետ։ Նա մյուս աշակերտներին արձակել էր, իր հետ միայն վեր էր առել երգիչներին։ Դաշտային կրկնություններ էր անում։ Այն գիշեր իր երգիչների հետ պատվելին հրավիրված էր առաջնորդի մոտ, այդ պետք էր հասկացնել ամբողջ քաղաքին։ Իսկ այստեղ կար քաղաքից բավական մեծ բազմություն։