Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սանթուր ածողները, ամբողջ խումբը խառնաձայն երգում էր։ Այդ սրիկաները, դեռ իրանց ուրախության սեղանը չկազմած, արդեն արբած էին։ Արաղի շշերը իրանց հետ էին տանում և ճանապարհին խմելով էին գնում։

Իմ մոտ նստողները երեքն էլ ոտքի ելան և հեռվից ձայն տվին.

— Բարո՜վ, Մինաս աղա, միշտ այդպիսի ուրախության մեջ լինես։

Մինաս աղան, որը այն լավ հագնված մարդն էր, գլխով շնորհակալություն հայտնեց, խումբը հեռացավ։

— Ո՞վ է այդ Մինաս աղան,— հարցրի ես։

Թաղական խորհրդի անդամը, փոխանակ իմ հարցին ուղղակի պատասխանելու, ասաց.

— Պոլսից նոր է եկել, շատ փող է բերել։

— Եվ հիմա շռայլում է։

— Ի՞նչ պետք է անե, օրհնած։ Մարդս մի անգամ է աշխարհ եկել, մի անգամ էլ պետք է մեռնի, էլ մյուս անգամ աշխարհ հո չէ գալու։ Ուրեմն, քանի կենդանի է, պետք է ուտե, խմե, զվարճանա, որովհետև իր դատածը գերեզման չէ տանելու։

Թաղական խորհրդի անդամի փիլիսոփայությանը պատասխանեց իմ մոտ նստող արհեստավորը։

— Թող զահրումար ուտե, դրանից ավելի լավ է։ Այդ անպիտանը տասն տարուց ավելի, ջրի տիկն ուսից քարշ գցած, բոբիկ ոտներով թափառում էր Պոլսի փողոցներում և քամակներով ջուր էր ծախում։ Ընտանիքը տանը ուտելու հաց չուներ։ Հիմա մի քանի փարա է բերել այդպես վատնում է։ Մի քանի օրից հետո բերածը կհատնի, դարձյալ պարտք կանե, դարձյալ կգնա Պոլիս, և կրկին ջրի տիկը քարշ կտա ուսից։ Իսկ ընտանիքը այստեղ կթողնե քաղցած։

— Պոլսի փողոցներում քամակներով ջուր ծախողը մի թե այստեղ աղա է դառնում,— հարցրի ես զարմանալով։

— Այո, պարոն,— պատասխանեց դարձյալ արհեստավորը։ — Մեր քաղաքում ով որ գրպանում մի քանի ղուրուշ ունի, նա աղա է, չնայելով, թե այդ չնչին ղուռուշները նա ինչ ցածությամբ է վաստակել։

Անցավ մի այլ խումբ։ Առողջամիտ արհեստավորը, ձեռքը մեկնելով դեպի մի վայելչակազմ երիտասարդ, ասաց.

— Ահա մի ուրիշ աղա էլ. դա էլ նոր է եկել. Պոլսում քիսաջի