Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանուկ հասակներում, բերբերների (սափրիչների) աշակերտ են դառնում, սրճատներում սպասավոր են դառնում կամ, որպես Մինաս և Կարապետ «աղաների» օրինակներով ցույց տվի, բաղանիքներում քիսաջի և փողոցներում բաժակներով ջուր ծախող են դառնում։ Բայց ավելի փչացնում է վանեցիներին էլ վատությունը: Գիտե՞ք ի՜նչ բան է էյվազությունը,— մասնավոր տներում սպասավորություն, և առավելապես հարուստ մահմեդականների կամ ծառայող փաշաների տներում։ Պետք է մահմեդականների ընտանեկան կազմակերպության հետ ծանոթ լինել, որ հասկանալի լինի, թե որքան գարշելի ծառայություն է կատարում էյվազը։ Այնտեղ սովորում է թեքվել, ստորանալ, ընտելանում է հարեմական կյանքի բոլոր մեղկությունների հետ,— այնտեղ սպանում է իր այրականությունը։ Եվ դուք կտեսնեք, որ նույն փառավոր հագնվածք վայելչադեմ էյվազը, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ, հետո, իր ծերության հասակում, պատառոտած հագուստով, մի կթոց ուսի վրա առած, թափառում է փողոցներում, տներից աղբ է հավաքում, և մի քանի փարայի վարձատրությամբ, տանում է ծովն է ածում։ Երկու դեպքում ևս նա ստորանում է, թեքվում է,— թեքվում է աղբի ծանրության ներքո…

Վերջին խոսքերը արտասանեց արհեստավորը սարսափելի դառնությամբ։ Նա շարունակեց․

— Նայեցեք այդ բազմությանը, որ մեր շուրջը զբոսնում են և այդպես անձնատուր են եղած անհոգ զվարճությունների,— դրանք պարտքերի մեջ խեղդված մարդիկ են։ Դրանց մեջ մեկը չեք գտնի, որ իր կյանքում տասնյակ անգամներով Պոլիս գնացած չլիներ և այնտեղ տարիներով մնացած չլիներ։ Այդ ծուլությունը, այդ անհոգությունը, այդ շռայլությունը դրանք բերել են Պոլսից։ Ես մտաբերեցի Ասլանի խոսքերը, որ մի օր ասում էր ինձ.— «Պոլիսը փչացրել է դրանց, ա՜խ ո՛րքան ժամանակ, ա՛րքան աշխատություն է հարկավոր մի այդպիսի հասարակություն ուղղելու համար»…

Երբ արհեստավորը վերջացրեց իր հետաքրքիր նկարագիրը վանեցոց պանդխտության մասին, տեր հայրը ասաց․

— Ցավալին այն է, որ այդ ախտը քաղաքից հետզհետե ավելի և ավելի տարածվում է և աշխատասեր գյուղացիների մեջ։ Նրանք էլ վարակվել են։ Նրանք էլ թողնում են իրանց վարը, ցանքը, գնում են Պոլիս։ Եվ այդպես մեր ամենալավ ուժերը մաշվում են, ոչնչանում են պանդխտության մեջ։