Արևը մտնելու մոտ էր։ Ես շտապում էի տուն վերադառնալ, գիտեի, որ Ասլանը սպասելիս կլիներ ինձ։ Ես վեր կացա, տեր հայրը նույնպես եկավ ինձ հետ։ Բայց արհեստավորը, մնաք-բարյավ ասելով, բաժանվեցավ մեզանից։ Ճանապարհին հարցրի տեր հորից.
— ո՞վ է այդ մարդը։
— Հասարակ դարբին է,— պատասխանեց տեր հայրը։
— Բայց ինչ լավ խոսում է։
— Նա բավական զարգացած մարդ է։
— Ես սաստիկ համակրեցի նրան։
Տեր հայրը իր շուրջը նայելով, որպեսզի ոչ ոք չլսե, հազիվ լսելի ձայնով ասաց.
— Նա «մերոնցից» է… — Ասլանը ճանաչո՞ւմ է նրան։
— Ճանաչում է։
— Իսկ նա՞ Ասլանին։
— Չէ ճանաչում։
Արևը մտավ։ Երեկոյան զովը ավելի ախորժելի դարձավ։ Զբոսնող բազմությունը հետզհետե ստվարանում էր, և ամեն կողմից լսելի էին լինում երգի, ուրախության ձայներ։ Ես դարձյալ մտաբերեցի Ասլանի խոսքերը, թե «այդ ժողովուրդը ծիծաղում է արտասուքի միջից»…
ԺԸ
ՓՈՐՁՈՒԹՅՈԻՆ
Երեկոյան մութը պատել էր արդեն, երբ ես և Ասլանը ձի նստելով դիմեցինք դեպի առաջնորդարանը։ ճանապարհին հարցրի Ասլանից.
— Ի՞նչ ես կարծում, առաջնորդին հայտնի՞ կլինի մատնությունը։
— Անտարակույս,— պատասխանեց նա։— Անկարելի է, որ փաշան այդ մասին նրա հետ խորհուրդ արած չլինի։
— Ուրեմն տիկնոջ զգուշացնելը իզուր չէր։
— Բոլորովին իզուր էր։